Բոնսայի ոճերը

Ոճերի, ձևերի ու տեսակների բացատրությունը

Տարիների ընթացքում Բոնսայ ծառերի ոճերի դասակարգումը զարգացում է ապրել՝ ինչպես արտացոլելով բնության տեսարանները, այնպես էլ մարդկային խորհրդապաշտական մտքի թռիչքները: Այս ոճերը առանձնացված և սահմանված լինելով հանդերձ հեղինակային մեկնաբանությունների և ստեղծարարության հնարավորություն են ընձեռում, ինչը նշանակում է, որ վարպետները կաշկանդված չեն այս կամ այն ձևի սահմաններով:

Այդուհանդերձ ոճերը կարևոր են ձևերի մասին հիմնական պատկերացում կազմելու համար և ծառայում են որպես ծառերի հաջողված դիզայնի ուղեցույց:

Ցախավել (Հոկիդաչի)

Ցախավելի ոճը հարմար է ընդարձակ ու փարթամ ճյուղավորում ունեցող տերևաթափվող ծառերի համար: Ծառի բունն ուղիղ է ու ձիգ, բայց չի հասնում գագաթին, ճյուղավորովում է բոլոր ուղղություններով` ծառի բարձրության 1/3-ի չափով: Ճյուղերն ու տերևները գնդաձև պսակ են կազմում, ինչը ձմռան ամիսներին ապշեցուցիչ տեսք է ունենում:


Ուղիղ վերձիգ (Չոկկան)

Ֆորմալ վերձգվող ոճը շատ տարածված Բոնսայի ձև է: Այս ոճը հաճախ է հանդիպում բնության մեջ, հատկապես, երբ ծառը առատ լույս է ստանում և հարևանությամբ աճող ծառերի հետ մրցելու խնդիր չունի: Այս ոճի դեպքում ծառաբունը պետք է հստակ տեսանելի լինի: Ծառաբունը, հետևաբար, բնահիմիքի մոտ պետք է լինի ավելի հաստ և աճին զուգահեռ աստիճանաբար բարակի: Ծառի ամբողջ բարձրության ¼ մոտ պետք է սկսվի ճյուղավորումը: Ծառի գագաթը կազմվում է մեկ ճյուղով, բունը չպետք է երկարի ծառի ամբողջ բարձրությամբ:


Ոլորուն վերձիգ (Մոյոգի)

Ոչ ֆորմալ վերձգվող Բոնսայի ոճը տարածված է և՛ բնության մեջ, և՛Բոնսայի արվեստում: Բունը վեր է ձգվում մոտավորապես «S» տառի ձևով և յուրաքանչյուր թեքման կետից ճյուղեր են աճում: Ծառաբունը պետք է հստակ տեսանելի լինի, բնահիմքի հատվածում ավելի հաստ է, քան գագաթի հատվածում:


Հակյալ (Շական)

Մեծամասամբ մեկ ուղղությամբ փչող քամու արդյունքում կամ երբ ծառն աճում է ստվերոտ տեղանքում և ստիպված է հակվել դեպի արևը, ծառը թեքվում է մի ուղղությամբ: Բոնսայի հակյալ ոճի դեպքում ծառը պետք է աճի հողից 60-80 աստիճան անկյան տակ: Ծառի մի կողմի արմատները լավ են զարգացած, ինչի շնորհիվ այն մնում է կանգուն։ Ծառի թեքության կողմի արմատներն ակնհայտորեն նույնքան լավ զարգացած չեն։ Առաջին ճյուղն աճում է ծառի ուղղվածության հակառակ կողմից՝ տեսողական հավասարակշռություն ստեղծելու նպատակով։ Ծառի բնահիմքը կարող է լինել փոքր ինչ թեք կամ լրիվ ուղիղ, սակայն արմատի մոտ միևնույն է ավելի հաստ է, քան վերևում։


Ջրվեժատիպ (Կենգայ)

Բնության մեջ զառիթափ ժայռին աճող ծառը կարող է թեքվել դեպի ներքև մի քանի պատճառներով, օրինակ ձյան կամ թափվող քարերի։ Այս գործոնների արդյունքում ծառը կարող է աճել դեպի վար։ Բոնսային բարդ է ստիպել դեպի վար աճել, որովհետև նման աճի ուղղությունը հակասում է ծառերի բնական դեպի վեր աճելու հակվածությանը։ Ջրվեժանման ոճի Բոնսայները տնկվում են բարձր թաղարներում։ Մի կարճ հատված ծառը պետք է աճի ուղիղ դեպի վեր, սակայն հետո թեքվում է դեպի վար։ Ծառապսակը սովորաբար աճում է թաղարի եզրից վեր, սակայն հաջորդող ճյուղերն աճում են հաջորդաբար՝ Տ-աձև բնի աջ ու ձախ թեքվելու կետերում։ Այս ճյուղավորումները պետք է աճեն հորիզոնական՝ ծառի հավասարակշռությունը պահպանելու նպատակով։  


Կիսաջրվեժատիպ (Հան-կենգայ)

Կիսաջրվեժատիպ ոճը, ինչպես և ջրվեժատիպը, բնության մեջ հանդիպում է ժայռերին և գետերի ու լճերի ափերին։ Բնահիմքը մի փոքր հատված աճում է վեր, իսկ հետո թեքվում է դեպի վար/կողք։ Ի տարբերություն ջրվեժատիպ ոճի, կիսաջրվեժատիպ ոճը երբեք չի աճում թաղարի ստորին հարթությունից ավելի ցածր։ Ծառապսակը որպես կանոն թաղարի եզրից վեր է, մինչդեռ հաջորդիվ ճյուղավորումը կատարվում է թաղարի պռնկից ցած։


Ծաղկողների ոճ (Բանջինգի)

Անգլերեն այս ոճը թարգմանվում է literati, ինչը լատիներեն նշանակում է «ուսյալ» կամ «գրագետ», ինչն իրականում այնքան էլ ճշգրիտ թարգմանություն չէ, քանի որ բնագրում՝ ճապոներեն bunjin բառն է, որն իր հերթին ծագում է չիներեն wenjin բառից, որով անվանում էին արվեստագետներին, ում նկարներում ծառերը վայելչագեղ, սլացիկ, աբստրակտ տեսք ունեին։ Հենց այդ ձևերից էլ ներշնչված է այս ոճը։

Բնության մեջ այս ոճի ծառերը հանդիպում են ծովեզերքներին, խիտ ծառաշատ վայրերում, ուր կենսատարածքի ու արևի համար մրցակցությունն այնքան դաժան է, որ ծառը կարող է գոյատևել՝ հարևան ծառերից ավելի բարձր աճելով։ Ծառաբունը ծռմռված աճում է դեպի վեր ու կատարելապես զուրկ է ճյուղերից, որովհետև արևը հասնում է միայն ծառի գագաթին։ Առավել խստակյաց տեսք հաղորդելու համար որոշ ճյուղերից չորափայտ են սարքում։ Այս ծառերը սովորաբար աճեցվում են փոքր, կլոր թաղարներում: 


Հողմածեծ (Ֆուկինագաշի)

Հողմածեծ ոճը նույնպես լավ օրինակ է այն ծառերի, որոնք գոյատևման համար պետք է պայքարեն։ Ճյուղերը, ինչպես և ծառաբունը աճում են մի ուղղությամբ ասես քամին անդադար մի կողմից փչում է ծառին։ Ճյուղերն աճում են ծառաբնի բոլոր կողմերից, սակայն ի վերջո բոլորն էլ ծռվում են մի կողքի։


Երկբուն (Սոկան)

Երկբուն ոճը տարածված է բնության մեջ, սակայն, ըստ էության, այնքան էլ տարածված չէ Բոնսայի արվեստում։ Սովորաբար երկու ծառաբներն էլ աճում են մեկ արմատային համակարգից, թեպետ հնարավոր է նաև, որ ավելի փոքր ծառաբունն աճում է առավել մեծ բնից անմիջապես հողի վերևի հատվածում։ Երկու բները միմյանցից տարբերվում են և՛ հաստությամբ և՛ լայնությամբ․ առավել հաստ ու առավել զարգացած ծառաբունն աճում է գրեթե ուղղահայաց, մինչդեռ ավելի փոքրը աճում է մի քիչ թեքված։ Երկու ծառաբներն էլ միասին կազմում են մեկ ծառապսակ։


Բազմաբուն (Կաբուդաչի)

Տեսականորեն բազմաբուն ոճը նույնն է ինչ երկբուն ոճը, միայն թե երեք կամ ավելի ծառաբներով։ Բոլոր բներն աճում են մեկ արմատական համակարգից և այն փաստացի մեկ միասնական ծառ է։ Բոլորը բները կազմում են մեկ ծառապսակ, որտեղ ամենահաստ և ամենազարգացած ծառաբունը դառնում է գագաթը։


Անտառ (Յոսե-ուե)

Անտառային ոճը շատ նման է բազմաբուն ոճին, սակայն տարբերությունն այն է, որ այն բաղկացած է մի քանի ծառերից, այլ ոչ թե մի քանի բուն ունեցող մեկ ծառից։ Ամենազարգացած ծառերը տնկվում են մեծ և ծանծաղ թաղարի կենտրոնում։ Եզրերում մի քանի առավել փոքր ծառեր են տկված, որոնց բոլորից էլ կազմվում է մեկ ծառապսակը։ Ծառերը տնկվում են ոչ թե մեկ գծով այլ  ցիրուցան ձևով, քանի որ այսկերպ անտառն ավելի իրական ու բնական տեսք է ունենում։


Ժայռի վրա աճող (Սեկի-ջոջու)

Ժոյռածերպերում ծառերը ստիպված են իրենց արմատներով սննդանյութերով հարուստ հող փնտրել, ինչը հաճախ հնարավոր է լինում գտնել քարերի ճեղքերում ու անցքերում։ Արմատները, մինչ հողին հասնելը, անպաշտպան են, ուստի նրանք պետք է ինքնապաշտպանվեն արևից, այդ իսկ պատճառով նրանք պատվում են հատուկ կեղևով։ Բոնսայների պարագայում արմատները քարի վրայով աճում են թաղարի մեջ, հետևաբար այս ծառի խնամքն իրականում շատ չի տարբերվում որևէ այլ ոճի խնամքից։ Գիհին ու արևադարձային ֆիկուսը նման ոճի համար հարմար ծառատեսակներն են։


Ժայռի մեջ աճող (Իշիսուկի)

Այս ոճի պարագայում ծառի արմատներն աճում են քարի ճեղքերում ու անցքերում։ Սա նշանակում է, որ արմատներին բավականաչափ տարածք չի մնում զարգանալու և սննդանյութեր կլանելու համար։ Քարերի մեջ աճող ծառերը երբեք իսկապես առողջ տեսք չեն ունենալու, այնպես որ պետք է տեսանելի լինի, որ ծառը ստիպված է պայքարել, որպեսզի կարողանա ապրել։ Կարևոր է հաճախ պարարտացնել ու ջրել, որովհետև ջուր և սննդանյութեր պահեստավորելու համար չկա բավարար չափով տարածք։ Քարը, որի մեջ Բոնսայն աճում է, հաճախ տեղադրվում է ծանծաղ թաղարի մեջ, որը երբեմն լցվում է ջրով կամ բարձրորակ մանրախճով։


Լաստանավ (Իկադաբուկի)

Երբեմն կողաշրջված ծառը կարող է շարունակել ապրել՝ իր ճյուղերն ուղղելով դեպի վեր։ Հին արմատային համակարգը կարող է ճյուղերին մատակարարել գոյությունը պահպանելու համար բավարար սննդանյութերով։ Որոշ ժամանակ անց կսկսեն նոր արմատներ աճել՝ ի վերջո ստանձնելով հին արմատային համակարգի գործառույթը։ Հին ճյուղերը, որոնք վեր են ձգվում օդի մեջ, մեծաքանակ սննդանյութերի ներհոսքից իրենց ծառաբներն են զարգացնում և արդեն սեփական խիտ ճյուղերն են աճում։ Այս նոր բները ստեղծում են մեկ միասնական ծառապսակ։


Շարի (Շարիմիկի)

Ժամանակի ընթացքում որոշ ծառերի բների վրա առաջանում են կեղևազերծ հատվածներ պայմանավորված խիստ կլիմայական պայմաններով։ Կեղևազերծ հատվածը սովորաբար սկսում է այն մասից, որտեղ արմատները դուրս են գալիս հողից ու ավելի ու ավելի է բարակում՝ ծառի բնի երկարությանը համընթաց։ Կիզիչ արևի հետևանքով այդ հատվածները գունաթափվում են՝ դառնալով ծառի շատ աչքի ընկնող մի մասը։ Բոնսայի դեպքում կեղևը հեռացվում է սուր դանակի օգնությամբ և կեղևազերծ հատվածը բուժվում է կալցիումի սուլֆատով՝ գունաթափման գործընթացն ավելի արագացնելու նպատակով։ Բոնսայի բոլոր ոճերին ծանոթանալու համար խնդրում ենք սեղմել այստեղ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *