Բոնսայի պարարտացումը

Բոնսայի ակտիվ աճի շրջանում նրա պարբերական սնուցումը խիստ անհրաժեշտություն է։ Սովորական ծառերը երկար արմատներ են ձգում, որոնք էլ ապահովում են նրանց անհրաժեշտ սնուցումը։ Մինչդեռ բոնսայը, որ աճում է անհամեմատ փոքր տարայում, կարիք ունի պարբերական պարարտացման, քանի որ հողի սննդային պարունակությունը անբավարար է լիարժեք աճի համար։

Պարարտանյութերի հիմնական բաղադրությունը
Ցանկացած պարարտանյութի երեք հիմնական բաղադրիչներն են՝ ազոտը (N), ֆոսֆորը (P) և կալիումը (K), որոնցից յուրաքանչյուրը ունի իր առանձին ֆունկցիան։ Ազոտը խթանում է տերևների ու արմատների աճը, ֆոսֆորը նպաստում է արմատների, ինչպես նաև պտուղների ու ծաղիկների առողջ աճին, իսկ կալիումը՝ ծառի ընդհանուր աճին։ Երբեմն, կախված ծառի տեսակից կամ տարվա եղանակից, օգտագործում են NPK-ի տարբեր հարաբերակցություններով պարարտանյութեր, թեև մասնագետները խորհուրդ են տալիս գործածել նույն պարարտանյութը ողջ տարվա ընթացքում։ Բացի այս երեք բաղադրիչից (NPK)՝ պարարտանյութերը հաճախ պարունակում են մի շարք այլ միկրոտարրեր, ինչպիսիք են՝ երկաթը, մագնեզիումը, բորը, մոլիբդենը, ցինկը, պղինձը և այլն։

Ե՞րբ է հարկավոր պարարտացնել
Բոնսայ ծառերի մեծ մասը պետք է պարարտացնել ծառի ակտիվ աճի ողջ ընթացքում՝ վաղ գարնանից մինչև ուշ աշուն։ Ավելի մեծ ու հասուն ծառերն այդքան հաճախ չեն պարարտացվում, իհարկե, կրկին կախված է ծառի տեսակից, տարվա եղանակից և ծառի աճի ու զարգացման մակարդակից։ Սենյակային ծառերը կարող են պարարտացվել կլոր տարին։ Որպեսզի ավելի մանրամասն իմանաք, թե որ տեսակը ինչպես պարարտացնեք, ծանոթացե՛ք մեր պատրաստած բոնսայի խնամքի ուղեցույցին։
Բիոգոլդը ճապոնական արտադրության օրգանական պարարտանյութ է, որ հաճախ է գործածվում բոնսայ ծառերի համար։

Ո՞ր պարարտանյութն ընտրել
Շատ կարևոր է ճիշտ պարարտանյութի ընտրությունը և դրա ճիշտ քանակությամբ գործածումը։ Հաճախ խորհուրդ է տրվում գարնանը գործածել այնպիսի պարարտանյութ, որի մեջ ազոտն է գերակշռում (այսպես՝ NPK 10:6:6), ամռանը՝ ավելի բալանսավորված (NPK 6:6:6), իսկ աշնանը՝ ազոտի քիչ քանակությամբ (NPK 3:6:6)։ Բայցևայնպես, մասնագետները ավելի ու ավելի նախընտրում են բալանսավորված պարարտանյութի գործածումը ողջ տարվա ընթացքում՝ քիչ-քիչ կրճատելով դրա քանակությունը մինչև վեգետացիոն շրջանի ավարտը։
Մերձարևադարձային ծառատեսակները սովորաբար ներսում են պահում են, ուստի ի տարբերություն դրսում աճող բոնսայների՝ նրանց վրա եղանակային փոփոխությունները մեծ ազդեցություն չունեն։ Սենյակային բոնսայը տարին բոլոր աճում է, ուստի կարիք ունի պարարտացման ողջ տարվա ընթացքում։ Դրա համար մենք խորհուրդ ենք տալիս գործածել բալանսավորված հեղուկ պարարտանյութ՝ հետևելով փաթեթավորման վրա տրված գործածման ցուցումներին։
Արժե նշել մի քանի բացառություն․ որպեսզի խթանեք բոնսայի աճը, օգտագործեք ֆոսֆորի բարձր քանակությամբ պարարտանյութ (NPK 6:10:6), իսկ ավելի մեծ ծառերի համար ազոտի պարունակությունը կամ ընդհանրապես պարարտանյութի գործածումը նվազեցրեք։
Թեև բոնսայի պարարտանյութն առանձնապես չի տարբերվում այլ բույսերի պարարտանյութերից, սակայն առցանց բոնսայի խանութներից գնելիս՝ կարող եք NPK-ի անհրաժեշտ հարաբերությամբ պարարտանյութ ընտրել։ Շատ սիրողական բոնսայիստներ նախընտրում են Biogold-ը, բայց կիրառելի է ցանկացած պարարտանյութ՝ NPK-ի ճիշտ պարունակությամբ։ Ընդ որում, կարող եք գործածել թե՛ հեղուկ, թե՛ պինդ պարարտանյութ, ինչպես նաև այդքան էլ կարևոր չէ՝ դա սինթետիկ է, թե օրգանական։ Միայն թե հետևե՛ք ապրանքի փաթեթավորման վրա տրված ցուցումներին։

Ինչպե՞ս պարարտացնել բոնսայ ծառերը
Բոնսայը պարարտացրեք այն քանակությամբ և հաճախականությամբ, որ նշված է պարարտանյութի փաթեթավորման ցուցումներում։ Կարող եք մի փոքր կրճատել առաջարկվող չափաբաժինը այն ծառերի համար, որոնք արդեն ձևավորված են, որպեսզի հավասարակշռեք և ոչ թե խթանեք դրանց աճը։ Պինդ պարարտանյութի համար արժե օգտագործել փոքրիկ ցանցածածկեր, որպեսզի պարարտանյութը մնա իր տեղում՝ հողի վրա։ Երբեք մի՛ գերսնուցեք ձեր ծառերը, քանի որ դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ նրանց առողջ զարգացման վրա։

Բոնսայի պարարտացման քայլ առ քայլ ուղեցույց՝

  1. Պատրաստում ենք պարարտացման ենթակա ծառը։
  2. Պինդ օրգանական պարարտանյութերից մենք նախընտրում ենք Biogold, Aoki և Tamahi ճապոնական բրենդները։ Իհարկե, դուք կարող եք ընտրել ցանկացած այլ ձեզ հարմար ապրանքանիշի պարարտանյութ։
  3. Պարարտանյութը ծածկեք փոքր ցանցաբաժակով, որպեսզի ջրելիս չհոսի-թափվի կամ թռչունների կեր դառնա։
  4. Պաշտպանիչ ցանցածածկը դրվում է պարարտանյութի վրա։
  5. Այս չափի ծառի ու տարայի համար մենք գործածել ենք պինդ օրգանական պարարտանյութով լի 3 զամբյուղիկներ։
  6. Գոյություն ունեն նաև ավելի մանրահատիկ դանդաղ լուծվող պարարտանյութեր, որոնք տրված խտությամբ թաղվում են հողի մեջ 1 սմ խորության վրա։
  7. Կարող ենք ծառը սնուցել նաև հեղուկ պարարտանյութով։ Սա ճապոնական հեղուկ պարարտանյութ է, բայց դուք կարող եք ընտրել այլ ապրանքանիշ։
  8. Հեղուկ պարարտանյութը խառնեք ջրին ըստ տրված չափաբաժնի և ստացված հեղուկով ջրեք ծառը։

Կարևոր զգուշացում

Հաշվի առնելով տարայում հողի սահմանափակ քանակը՝ բոնսայի պարարտացումը խիստ անհրաժեշտ է։ Սակայն մյուս կողմից նաև պետք է զգուշանալ գերպարարտացումից, քանի որ դա լրջորեն կարող է վնասել բույսին։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *