Բոնսայի լարակապումը

Բոնսայի ճյուղերի ճկումը և ձևավորումը

Լարակապումը բոնսայ ծառերի աճեցման ու ոճավորման կարևոր տեխնիկաներից է։ Ծառի ճյուղերը մետաղալարերով կապելով՝ կարող եք ճկել և վերադիրքավորել դրանք։ Մի քանի ամսից, երբ ճյուղերը նոր դիրք ընդունեն, մետաղալարը կարող եք հեռացնել։

Երբ

Ծառատեսակների մեծ մասի համար լարակապում կարելի է անել կլոր տարին։ Տերևաթափվող տեսակների գերակշիռ մասը պետք է լարակապել ձմռան վերջին․ տերևների բացակայությունը հեշտացնում է լարակապումը։ Վեգետացիայի շրջանում ճյուղերը բավականին արագ են հաստանում, և դրա արդյունքում մետաղալարը կարող է խրվել կեղևի մեջ՝ առաջացնելով տգեղ սպիներ։ Ուրեմն, պարբերաբա՛ր ստուգեք ծառը և հեռացրեք լարը ճի՛շտ ժամանակին ։ 

Նյութը

Բոնսայ ծառը լարակապելիս կարևոր է ճիշտ մետաղալարի ընտրությունը։ Հիմնականում գործածվում է երկու տեսակի մետաղալար՝ անոդացված ալյումինից և թրծած պղնձից։ Ալյումինե լարը գործածվում է տերևաթափվող տեսակների, իսկ ավելի պինդ պղինձը՝ մերկասերմերի և սոճազգիների համար։ Այնուամենայնիվ, սկսկնակներին խորհուրդ է տրվում գործածել անոդացված ալյումինե լար, որով աշխատելն ավելի հեշտ է։

Մետաղալարերի հաստությունը տարբեր է լինում՝ 1-ից մինչև 8 մմ։ Կարիք չկա ձեռք բերել բոլոր տեսակի լարերը․ 1 մմ, 1,5 մմ, 2,5 մմ կամ 4 մմ հաստության լարը սկզբի համար իդեալական է։ Հաստ ճյուղերը լարակապելիս խորհուրդ է տրվում նախապես դրանք փաթաթել թրջած րաֆիայով (արմավենուց ստացվող մանրաթել, որ կգտնեք այգեգործական խանութներում)․ այն կպաշտպանի ճկվող ճյուղերը մետաղալարերի վնասվածքներից։

Ինչպես լարակապել բոնսայ ծառը

Լարակապումը վարպետություն պահանջող տեխնիկա է։ Որտեղ որ հնարովր է, իրար կողքի գտնվող նույն հաստության ճյուղերը փորձեք լարակապել մետաղալարի մեկ կտորով (զուգային լարակապում), իսկ մնացած ճյուղերը կապեք ջոկ-ջոկ (առանձին լարակապում)։ Նախքան ճկելը լարակապեք բոլոր այն ճյուղերը, որ ցանկանում եք ձևափոխել։ Ամբողջ ծառը լարակապելիս սկսեք բնից, ապա անցեք առաջնային ճյուղերին, հետո միացրեք երկրորդային ճյուղերը։ Փորձը ցույց է տալիս, որ լավ է գործածել այնպիսի մետաղալար, որը լարակապվող ճյուղի հաստության 1/3 հաստության է։ Մետաղալարը պետք է բավականաչափ հաստ լինի, որ կարողանա ֆիքսել ճյուղը իր նոր դիրքում։

Լարակապման երկու տեխնիկան էլ հիմա ավելի մանրամասնորեն կքննարկենք և էջի վերջում կտանք տեղեկատվություն, թե ինչպես առանց վնասելու ճկել լարակապված ճյուղերը։ Քայլ առ քայլ բացատրող ուղեցույցը ներկայացնում ենք ստորև։ Ճիշտ ընտրված մետաղալարի և Բոնսայ գործիքների գործածումը էականորեն կօգնի գործին։ 

Մաս 1 Բոնսայի զուգային լարակապում

  • Նախ ընտրեք ճյուղերի զույգը, որ պետք է լարակապեք․ դրանք պետք է ունենան նույն հաստությունը և մոտ լինեն միմյանց։ Հիշեք, որ մետաղալարը պետք է փաթաթել բնին առնվազն մեկ անգամ (ցանկալի է երկու անգամ) այնպես, որ երբ ավելի ուշ ճյուղերը ճկելիս լինեք, այն չշարժվի։
  • Այժմ մետաղալարը կտրեք այնպիսի երկարությամբ, որ երկու ճյուղերին էլ հորիքի։
  • Մետաղալարը սկսեք փաթաթել բնի շուրջը և հասեք առաջին ճյուղին։ Լարակապեք ճյուղի հիմքից մինչև ծայրը, ապա անցեք մյուս ճյուղին։
  • Մետաղալարը ճյուղերին պետք է փաթաթել 45 աստիճան անկյան տակ․ այդպես մետաղալարը թույլ կտա, որ ծառը հաստանա՝ իր նոր ձևը պահպանելով։
  • Եթե ճյուղը մտադիր եք ճկել ուղիղ բնի վրա, համոզվեք, որ մետաղալարը ներքևից է գալիս։ Իսկ վերև ճկելու դեպքում մետաղալարը պետք է վերևից բերել։
  • Բոլոր հարմար զույգերը կապելուց հետո շարունակեք լարակապել մնացած ճյուղերը՝ կիրառելով առանձնակի լարակապման տեխնիկան։

Մաս 2․ Բոնսայի ճյուղի առանձնակի լարակապումը

  • Ինչպես զուգային լարակապման դեպքում, այս դեպքում էլ՝ նախ հարկավոր է ճիշտ չափով կտրել մետաղալարը, ապա առնվազն երկու պտույտով փաթաթել  բնի շուրջը 45 աստիճան անկյան տակ։
  • Երբ արդեն մի քանի մետաղալար փաթաթել եք բնի/ճյուղի նույն հատվածին, փորձեք դրանք խնամքով բերել մեկ ընդհանուր գծի վրա։
  • Հիմա շարունակեք փաթաթել ճյուղը։
Բոնսայ ծառի լարակապումը; Փորձում ենք երկու ճյուղը կապել մի կտոր մետաղալարով այնպես, որ լարերը հնարավորինս քիչ հատվեն միմյանց։ Այս պատկերը միայն ընդհանուր խորհրդատվության համար է․ յուրաքանչյուր ծառ տարբեր է։

Լարակապված ճյուղերի ճկում

Ամբողջ ծառը լարակապելուց հետո կարող եք սկսել ճյուղերի ճկումն ու վերադիրքավորումը։ Բռնեք ճյուղի արտաքին կողմը չորս մատով, ապա ներսից կորությամբ ճկեք ճյուղը բութ մատներով։ Այդպես ուժը տարածում եք ճյուղերի արտաքին մասի վրա՝ նվազեցնելով դրանց կոտրվելու ռիսկը։ Երբ ճյուղը արդեն դիրքավորված է, այլևս մի՛ շարժեք, քանի որ հերթական ճկումը կարող է վնասել այն։ Փորձեք թեթևակի թեքել ճյուղերի ուղիղ հատվածները՝ ծառին ավելի բնական տեսք տալու համար։

Հետագա խնամքը

Տեղադրեք ծառը ստվերոտ տեղում և պարարտացրեք սովորականի պես։ Վեգետացիոն շրջանում ուշադիր հետևեք ծառին և ճիշտ ժամանակին հեռացրեք մետաղալարերը, որպեսզի դրանք չխրվեն կեղևի մեջ։ Մետաղալարը տնտեսելու համար մի՛ փորձեք այն տեղաշարժելով հանել․ այդպես կարող եք վնասել ծառը։ Դրա փոխարեն մետաղալարը ավելի հեշտ հեռացնելու համար ամեն անգամ կարող եք անգամ կտրատել այն։

Բոնսայ ծառերի լարակապման քայլ առ քայլ ուղեցույց

  1. Ընտրում ենք այն ճյուղերը, որոնք պետք է ճկվեն:
  2. Ճիշտ հաստության մետաղալարն ընտրելը սկզբում կարող է դժվար թվալ, բայց որոշակի փորձառության հետ արդեն լուրջ խնդիր չի լինի։ Տվյալ ծառի համար ընտրել ենք 3 մմ հաստության մետաղալար, որը 45 աստիճան անկյան տակ փաթաթում ենք ճյուղին։
  3. Մետաղալարի կտրիչով կտրում ենք անհրաժեշտ չափը։
  4. Այս կողային ճյուղը լարակապված է 2 մմ մետաղալարով։ Մինչև կողային ճյուղը փաթաթելը, մետաղալարը զգուշորեն դրել ենք նախապես փաթաթված 3 մմ մետաղալարին համընթաց ուղղության վրա։
  5. Կողային ճյուղից հետո լարակապում ենք աջ կողմի ավելի բարակ ճյուղը 1 մմ մետաղալարով։
  6. Ամբողջովին լարակապելուց հետո ճկում ենք հիմնական և կողային ճյուղերը մեր ցանկացած դիրքով ու ձևով։
  7. Այս Բոնսայի ձախ կողմի ամենացածր ճյուղը հարկավոր է մի փոքր իջեցնել։ Դրա համար կգործածենք ձգան։
  8. Նախ որևէ պաշտպանիչ  շերտ ենք փաթաթում ճյուղին, հետո հաստ մետաղալարից պատրաստված կեռիկ ենք անցկացնում։
  9. Ձգանը կարող է ամրացվել Բոնսայի տարրային կամ, ինչպես այս դեպքում է, ամուր արմատներից որևէ մեկին։
  10. Ճյուղը կապում ենք արմատին բարակ մետաղալարով և զգուշորեն ճկում այնքան, որքան հարկավոր է։
  11. Պարբերաբար հետևեք, որ մետաղալարերը չհասցնեն սերտաճել ճյուղերին։ Այդ սպիները տգեղ ու արհեստական են նայվում ծառի վրա։
Կարևոր ցուցում

Լարակապելով ճկումը բոնսայ արվեստի ամենադժվար, բայց կարևոր հմտություններից է, որ ձեռք է բերվում միայն պրակտիկայի ու գործանական փորձառության միջոցով։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *