Bonsai.am նախագծի մասին

Ողջույն բոնսայ արվեստի երկրպագուներին

Բարի գալուստ «bonsai.am – բոնսայ հանրագիտարան», այն բոնսայ արվեստին նվիրված առաջին հայերեն հարթակն է, որ փորձում է մատչելի և համապարփակ տեղեկատվություն տրամադրել Հայաստանում դեռևս տարածում չունեցող այս հրաշալի արվեստի մասին, որ Չինաստանից և Ճապոնիայից եկող հազարամյա ավանդույթներ ունի և արդեն-իսկ լայն տարածում ողջ աշխարհում։

Բոնսայ արվեստը միջոլորտային այն խաչմերուկում է, ուր իրար են հանդիպում այգեգործությունը, բուսաբանությունը, խեցեգործությունը, քանդակագործությունը, փիլիսոփայությունը և հավատամքային խորը արմատներ ունեցող կանոնիկ պրակտիկա լինելով հանդերձ նորարարությունների և ստեղծագործության անսահման տարածք է բացում։ 

Համացանցում պարբերաբար հայտնվող բոնսայ ծառերի նկարները հայտնի ու ճանաչելի են շատերի կողմից, բայց դրանց գեղեցկությունն այնքան կատարյալ է, որ ձեր մտքով էլ չի անցնում, որ կարելի է փորձել ինքնուրույն ստեղծել նման հրաշք և ահա այս կայքը ստեղծվել է բոլոր հետաքրքրվողներին ու սկսնակներին բազային գիտելիքներ տրամադրելու, բոնսայով զբաղվելը խրախուսելու և ինչու չէ հայ բոնսայիստների համայնք ձևավորելու համար։

Բոնսայի հանրագիտարանում կգտնեք սերմնահատիկից մինչև չքնաղ ձևավորված բոնսայ ճանապարհն անցնելու համար անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը, որը հավաքագրված, թարգմանված, համակարգված և վերաշարադրված է հեղինակավոր աղբյուրներից։

Հետևեք մեր թարմացումներին ինչպես կայքում, այնպես էլ սոցիալական ցանցերում, ինչպես նաև կիսվեք ձեր անձնական փորձառությամբ, որը շատ հետաքրքիր ու կարևոր է մեզ համար, նախ և առաջ հայաստանյան բնակլիմայական պայմանների դժվարության և բոնսայագործական նյութերի սակավության պայմաններում գտնված լուծումների համար։