Սուիսեկի

Քարերի դիտարկման ճապոնական արվեստը

Սուիսեկին (水石) քարերի գեղեցկությունը գնահատելու և դրանցով հիանալու ճապոնական արվեստ է, որում արժևորվում են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են կայունությունը, երկարակեցությունն ու անմահությունը։ Դարերի ընթացքում քամու և ջրի ազդեցությամբ քարերը տարատեսակ ձևեր ու չափեր են ձեռք բերում՝ հիշեցնելով բնության ձեռքով կերտված ստեղծագործություններ։

Սուիսեկին (նաև կոչվում է «դիտարկման քարեր») հաճախ տեղադրվում է նրբագեղ փայտե պատվանդանների կամ սկուտեղների վրա, որ համապատասխանաբար կոչվում են դայզա և դոբա։ Փայտե պատվանդանները օգտագործվում են քարերը ցուցադրելու համար՝ ստեղծելով ներդաշնակ պատկեր։ Քարերն անմշակ են, այնպես, ինչպես գտնվել են բնության մեջ։

Բառացի թարգմանությամբ «Սուիսեկի» նշանակում է ջրաքարեր․ քարերը հաճախ խորհրդանշում են լեռներ, ջրվեժներ և այլ բնապատկերներ։ Սուիսեկի արվեստը ներառում է քարերի հավաքչության, մշակման գործընթացները (առանց տեսքը կամ ձևը խաթարելու) և դրանցով հիանալը։

Սուիսեկի քարերի պատմությունը

Սուիսեկիի արվեստը ծագում է Չինաստանից (կոչվում է «Գոնգշի» կամ իմաստասիրաց քար) և որոշ չափով նաև Կորեայից (կոչվում է «Սուսեոկ»)։ Սուիսեկիի արվեստը Ճապոնիա է ներմուծվել չինական կայսերական պալատի կողմից Ասուկա տոհմի օրոք (Ք․հ․ 538-710)։ Այս արվեստն առավել տարածվեց Կամակուրայի շրջանում (Ք․հ․ 1183-1333), երբ այն ընդունվեց սամուրայների իշխող դասակարգի կողմից։ Քարերի գեղեցկությունն արժևորելը Արևմուտք ներմուծվեց այն բանից հետո, երբ Սուիսեկին սկսեց ներկայացվել բոնսայի վաղ ցուցադրությունների ժամանակ։

Սուիսեկի քարի դասակարգումը

Սուիսեկիի դասակարգումն ու գնահատումը կախված է քարի ձևից, հնարավոր առանձնահատկություններից և երանգի նրբությունից։

  • Բնապատկերային Սուիսեկի (Սանսուի կեիջո-սեկի)․ լեռան, կղզու, ջրվեժի, գետափի կամ ծովեզերքի, անձավի, կիրճի կամ բարձրավանդակի տեսքով։
  • Առարկայական քարեր (Կեիշո-սեկի)․ խորհրդանշում է մարդ, կենդանի, նավ, տուն կամ կամուրջ։

Դասակարգում ըստ մակերեսի

  • Աստղային (Գենշո-սեկի)․նախշաձևերով, որոնք հիշեցնում են լուսինը, արևն ու աստղերը։
  • Բուսական (Կիգատա-իշի)․նախշաձևերով, որոնք հիշեցնում են ծաղիկներ, մրգեր, խոտեր, անտառներ ու անգամ Բոնսայ։
  • Եղանակային (Տենկո-սեկի)․ հիշեցնում են անձրև, արևի առատ շողեր, կայծակ կամ ձյուն։
  • Աբստրակտ (Չուշո-սեկի)․ կենդանիների նախշեր, միախառնված ցանցեր և այլն։

Սուիսեկին կարող եք ցուցադրել ավազով կամ ջրով լցված ոչ խորը սկուտեղի վրա որպես Տոկոնոմա միջավայրի բաղկացուցիչ մաս և/կամ փայտե պատվանդանին կամ սեղանին։ Բոնսայի ցուցահանդեսների ժամանակ Սուիսեկին հիմնականում ցուցադրվում և գնահատվում է առանձին։  

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *