Բոնսայի վերատնկումը

Բոնսայի՝ տարայից տարա փոխադրումը

Ձեր բոնսայի թաղարային խցանումից և չորանալուց փրկելու համար պարբերական վերատնկումներն ուղղակի անհրաժեշտ են։ Վերատնկումից ծառը ի խեղճանա, հակառակը, նոր սննդարար նյութերի պաշար և կենսատարածք ստանալով ծառը կշարունակի աճել և փթթել։

Ի՞նչ հաճախականությամբ պետք է վերատնկել

Բոնսայը վերատնկելու հաճախականությունը կախված է տարայի չափից ու ծառի տեսակից։ Արագ աճող ծառերը պետք է փոխադրվեն ամեն երկու տարին մեկ (երբեմն նույնիսկ ամեն տարի), իսկ եթե ավելի մեծ ծառեր են, ուրեմն՝ ամեն երեք կամ հինգ տարին մեկ։ Երբեք մի՛ փոխադրեք ըստ հաստատված գրաֆիկի, դրա փոխարեն ամեն վաղ գարնան ստուգե՛ք ծառերը՝ զգուշորեն հանելով դրանք իրենց տարաներից։ Բոնսայը պետք է վերատնկել միայն, եթե արմատները պտտված են թաղարի մակերեսով։ Եթե արմատները դեռ հողի մեջ են, սպասեք ևս մեկ տարի։

Ե՞րբ վերատնկել

Փոխադրումը սովորաբար անում ենք վաղ գարնանը, երբ ծառը դեռ քնած է։ Այսպիսով նվազագույնի է հասցվում որևէ տեսակի վնաս հասցնելու վտանգը, քանի որ ծառը դեռ ստիպված չէ սնուցելու ողջ սաղարթը։ Փոխադրումը վաղ գարնանն անելը ճիշտ է նաև նրանով, որ հենց ծառը սկսում է աճել, արմատին հասցված որևէ վնաս արագ վերականգնվում է։

Թաղարում արմատային խցանում է և այն պետք է վեատնկել

Հողային խառնուրդ՝ բոնսայի համար

Ճիշտ հողային խառնուրդ ընտրելը կենսական նշանակություն ունի ձեր ծառերի առողջության համար։ Հողը պետք է բավականաչափ չորացող լինի, որպեսզի արմատները չփտեն, միևնույն ժամանակ պետք է կարողանա բավականաչափ ջուր կլանել, որ ապահովի ծառին ջրով։ Թեև որոշ ծառատեսակներ պահանջում են հատուկ հողային խառնուրդներ, ստորև ներկայացվող խառնուրդը հարմար է ծառերի մեծ մասի համար։

Խառնեք ակադաման, չեչաքարն ու հրաբխային ապարը 2։1։1 հարաբերությամբ։ Եթե ծառերը պարբերաբար ջրելու ժամանակ չունեք, ընտրեք ավելի ջրակլանիչ խառնուրդ, այսինքն՝ ակադամայի զանգվածը մեծացրեք։ Իսկ եթե կլիման խոնավ է, ապա ձեզ հարկավոր է ավելի շուտ չորացող խառնուրդ, ուստի հրաբխային ապարի զանգվածը մեծացրեք։ Հողային խառնուրդների մասին ավելի մանրամասն պատմում ենք Բոնսայի հողախառնուրդը հոդվածում։

Ճիշտ հողախառնուրդը կենսական նշանակություն ունի ծառի առողջության համար։

Բոնսայի փոխադրումը՝ քայլ առ քայլ

  1. Նախ համոզվեք, որ ունեք ծառը փոխադրելու համար անհրաժեշտ բոլոր գործիքները` արմատի փոցխիկ, մկրատ, մետաղալարի կտրիչ և բամբուկե փայտիկ։
  2. Բոնսայը հիմնականում մետաղալորվ ամրացված է լինում թաղարին, այդ դեպքում կտրեք մետաղալարը։
  3. Արմատային փոցխիկով ծառը զգուշորեն առանձնացրեք տարայից։
  4. Գնահատում ենք, թե իրոք անհրաժեշտ է վերատնկումը․ այս դեպքում անհրաժեշտ է, քանի որ տարայի հատակին արմատները ոլորված են միմյանց վրա։
  5. Բամբուկե փայտիկի միջոցով հեռացնում ենք հին հողը՝ սկսելով ծառարմատների կողքերից ու տակից։ Աշխատում ենք շատ չվնասել արմատները, որպեսզի պահպանենք ծառի գոյատևման համար անհրաժեշտ միկոռիզը (սնկարմատը)։
  6. Մկրատով կտրում-հեռացնում ենք շատ երկարած արմատները։ Արմատների էտը կարևոր է բոնսայի աճը խթանելու համար, սակայն 30%-ից ավելին պետք չէ էտել։
  7. Այս անգամ ծառը վերատնկում ենք նույն տարայում։ Թաղարի ջրահեռացման անցքերին ցանցեր ենք դնում։
  8. Ցանցը ամրացվում է մետաղալարի միջոցով։
  9. Տարայի հատակին նաև լրացուցիչ լար ենք անցկացնում, որի միջոցով հետո ծառը պիտի ճիշտ դիրքավորենք ու ամրացնենք տարային։
  10. Նախ բարակ շերտով լցնենք հատիկավոր հողախառնուրդ, ասենք՝ հրաբխային ապար, մանրախիճ կամ ակադամա, դա ծառայում է որպես ջրահեռացման շերտ։
  11. Հետո ավելացնենք հողի ևս մեկ բարակ շերտ։
  12. Ծառը դնում ենք տարայի մեջ։ Նախապես ամրացված մետաղալարով ծառը ֆիքսում ենք՝ ցանկալի դիրքով պահելու համար։
  13. Հողախառնուրդը լցնենք ծառի շուրջբոլորը։
  14. Բամբուկե փայտիկով հարթեցնում ենք հողը, լցնում արմատների շուրջ գոյացած բոլոր օդային անցքերը։
  15. Առատորեն ջրում ենք ծառը։
  16. Ահա այսպիսի տեսք ունի ծառը՝ փոխադրելուց երկու շաբաթ անց՝ վաղ գարնանը։

Կարևոր զգուշացում

Ամենակարևոր բանը, որ պետք է հաշվի առնել՝ ժամկետն է։ Ծառը փոխադրում ենք վաղ գարնանը՝ վեգետացիոն շրջանի սկսելուց անմիջապես առաջ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *