Բոնսայի պատմությունը

Բոնսայի ծագումն ու պատմությունը

Թեպետ «Բոն-սայ» բառը ճապոներեն է, արվեստը, որը բնորոշվում է այս բառով, ծագել է չինական կայսրությունում։ Ք․հ․ 700 թ-ին չինացիներն արդեն սկսել էին «պուն-սայ» արվեստը՝ հատուկ տեխնիկայի միջոցով թաղարների մեջ գաճաճ ծառեր աճեցնելով։   

Սկզբնական շրջանում էնդեմիկ ծառատեսակներից կազմված պուն-սայը միայն հասարակության էլիտային էր հասանելի, և այս գաճաճ ծառերը ամբողջ Չինաստանում միմյանց հանձնում էին որպես ճոխ ընծաներ։ Կամակուրայի շրջանում, երբ Ճապոնիան ներմուծեց չինական մշակույթի ամենաառանցքային ուղղությունների մեծ մասը, տարաների մեջ ծառեր աճեցնելու մշակույթը մտավ Ճապոնիա։ Ճապոնացիները, ձեն բուդդայականության ազդեցությամբ, Բոնսայի արվեստը զարգացրին որոշակի սահմաններում, ինչին նաև նպաստեց այն գործոնը, որ Ճապոնիայի տարածքը 4% է մայրցամաքային Չինաստանի համեմատ, հետևաբար բնաշխարհի բազմազանությունը շատ ավելի սահմանափակ էր։ Բազմաթիվ հայտնի չինական ծագման տեխնիկաներ, ոճեր և հնարքներ զարգացվեցին Ճապոնիայում։ Թեպետ ինչ որ չափով վերջին երեք դարերի ընթացքում աշխարհում հայտնի լինելուն, միայն վերջերս է բոնսայը սկսել իսկապես տարածվել իր հայրենիքի սահմաններից դուրս։   

Բոնսայի պատմությունը Չինաստանում

Ծանծաղ ավազանները կամ տափակ հարթեցված անոթները, որոնք կոչվում են «պեն» կամ «պան» կամ «պուն» կավից տարաներ են, որոնք պատրաստվել են ներկայիս Չինաստանի տարածքում դեռևս 5000 տարի առաջվանից։ Հազար տարի անց՝ չինական բրոնզե դարում, այս անոթներն այն ընտրյալ ձևերի շարքում էին, որոնց բրոնզե տարբերակները պատրաստվեցին կրոնական կամ քաղաքական արարողակարգային նպատակներով։ Շուրջ 2300 տարի առաջ չինական Հինգ Տարրերի Տեսությունից (ջուր, կրակ, փայտ, մետաղ և հող) առաջացավ առարկաների մանրակերտերի հրաշագործ ուժի գաղափարը։ Օրինակ վերակերտելով լեռան մանրակերտը՝ աշակերտը կարող էր կենտրոնանալ դրա հրաշագործ հատկությունների վրա և իշխանություն ստանալ դրանց նկատմամբ։ Որքան մանրակերտը չափսերով հեռու էր բնօրինակից, այնքան շատ հրաշագործ ուժ էր այն ընդունակ իր մեջ կրելու։ Երկու հարյուր տարի անց Հան արքայատոհմի օրոք հարևան երկրների հետ նոր առևտրային ճանապարհներ բացվեցին և ներմուծվեցին խունկ, համեմունքներ ու անուշահոտություններ։ Ստեղծվեց մի նոր տեսակի տարա, որի մեջ խունկ էին վառում․ այն պատրաստվում էր լեռնագագաթների ձևով, որոնք բարձրանում էին ալիքների մակերեսից և խորհրդանշում էին Անմահների բնակավայրը՝ այդ շրջանում տարածված գաղափար առասպելական Օրհնյալների Կղզիների մասին։ Հիմնականում բրոնզից, կերամիկայից կամ ոսկեզօծ բրոնզից պատրաստված որոշ խնկամաններ, մեջը լցված տաք ածուխով, դրվում էին փոքրիկ գրչամանների վրա՝ խորհրդանշելով օվկիանոսի մանրակերտը։ Այս խնկամանների շարժական կափարիչները հաճախ ծածկված էին լինում անտառապատ լեռնալանջերը մագլցող առասպելական արարածների զարդապատկերներով։ Կափարիչի ծակոտիկներից խնկի ծուխն իբրև առեղծվածային գոլորշի դուրս էր գալիս անձավի անցքերից ասես ելնում էր իրական լեռան միջից։ Համարվում է, որ որոշ ուշ շրջանի քարից պատրաստված կափարիչների վրա հավանաբար անգամ քարաքոս կամ մամուռ է եղել որպես իրական բնաշխարհի մանրակերտ։

Մանրակերտերի հրաշագործ ուժի մասին միտքը Չինաստանում սկիզբ է առել 2300 տարի առաջ։

Թագաժառանգ Չանգ Հուայի դամբարանի որմնանկարներում, որոնք թվագրվում են մոտ Ք․հ․ 706 թ-ին, կա մի նկար, որտեղ երկու պալատական կանայք նրան որպես ընծա են մատուցում ծանծաղ ափսեների մեջ դրված մանրակերտ քարքարոտ բնապատկերներ՝ մեջը փոքրիկ բույսեր։ Մեզ հայտնի են այդ շրջանում արված ամենավաղ գրավոր նկարագրություններն այս «փուն-վանների»՝ սկուտեղով զվարճալիքների մասին։ Հաշվի առնելով, որ դրանց պատրաստումն ու խնամքն արդեն որոշակի առաջընթաց էր ապրել, այս արվեստի զարգացումն արդեն կայացած իրողություն էր (սակայն մեզ դեռևս հայտնի չեն այս մասին հավաստող փաստաթղթեր)։

Առաջին հավաքված, այնուհետև անոթների մեջ դրված ծառերը ենթադրվում է, որ եղել են բնության մեջ հանդիպած յուրատեսակ ձևի ու ինքնատիպ թեքության ծառեր։ Այս ծառերը համարվում էին «սուրբ» ի հակադրություն «պիղծ» ծառերի, որովհետև դրանք հնարավոր չէր օգտագործել որևէ գործնական, առօրյա նպատակներով, օրինակ որպես փայտանյութ։ Դրանց գրոտեսկային ձևերը հիշեցնում էին յոգայի դիրքեր, որտեղ մարմինը, տարբեր ծալված դիրքեր ընդունելով, կրկին շրջանառության մեջ է դնում մարմնի կենսական հեղուկները, և համարվում է, որ դա երկարացնում է կյանքը։

Դարերի ընթացքում բնաշխարհի զանազանությամբ հարուստ հսկայական երկրի տարբեր շրջաններում սկսում են ձևավորվել ու զարգանալ տեղական ոճեր․ փայտե պատվանդանների վրա ցուցադրվող ճենապակե անոթները փոխարինվում են կավե և կերամիկայից պատրաստված անոթներով, և փորձեր են կատարվում ծառերին ձև հաղորդել բամբուկե կաղապարների կամ արույրե և արճիճե լարերի միջոցով։ Շատ բանաստեղծներ ու գրողներ առնվազն մեկական նկարագրություն են թողել այդ փոքր ծառերի կամ մանրակերտ լեռնային բնապատկերների մասին և բազմաթիվ նկարիչներ պատկերել են գաճաճ ծառերը որպես կրթված մարդու կենսակերպի մի մաս։ 16-րդ դարից հետո դրանք սկսեցին կոչվել պուն սայ կամ «սկուտեղով բույս»։ Պուն Չինգ տերմինը («սկուտեղով բնապատկեր», այժմ՝ Պենջինգ) կիրառության մեջ մտավ 17-րդ դարից հետո միայն։  

Բոնսայի պատմությունը Ճապոնիայում

Համարվում է, որ առաջին սկուտեղով բնապատկերները Չինաստանից Ճապոնիա են բերվել առնվազն հազար երկու հարյուր տարի առաջ (որպես կրոնական հուշանվերներ)։ Հազար տարի առաջ ճապոներեն գրված առաջին ընդարձակ գեղարվեստական տեքստում կարդում ենք հետևյալ հատվածը․ «[իրական չափսերի] ծառը, որ թողնում են հասնի իր բնական չափսերին, շատ կոպիտ տեսք է ունենում ։ Միայն երբ այն պահվում է մարդկանց մոտ, որոնք այն ձևավորում են գորովալից խնամքով՝ ծառի ձևն ու տեսքը ձեռք են բերում զարգանալու կարողություն»։ Հավելյալ տեղեկության համար կարդացեք Բոնսայ ծառի խորհուրդը հոդվածը։ 

Բոնսայների առաջին պատկերները Ճապոնիայում սկսել են արվել միայն մոտ ութ հարյուր տարի առաջվանից։ Ճապոնացիներին հիացնում էր չինական մշակույթի ցանկացած դրսևորում և ժամանակի ընթացքում չինական Չան Բուդդայականությունը (հնդկական մեդիտացիոն Դիհանա Բուդդայականությունը միախառնված չինական Դաոիզմին) նույնպես ներմուծվեց ու դարձավ ճապոնական Ձեն Բուդդայականություն։ Ձեն վանականները փորձում էին գեղեցկություն գտնել խիստ ասկետականության մեջ, պակաս տարածք ունենալով բուսանմուշների համար՝ նրանք զարգացրին սկուտեղով բնապատկերների իրենց կանոններն այնպես, որ թաղարի մեջ դրված ընդամենը մեկ ծառը կարող էր խորհրդանշել ամբողջ տիեզերքը։ Ճապոնական թաղարները որպես կանոն ավելի խորն էին, քան չիանականները, և արդյունքում այգեգերծության այս տեսակը կոչվեց հաչի-նո-կի, բառացի՝ անոթի ծառ։ 1300-ականներին տարածված ավանդապատումը մի աղքատացած սամուրայի մասին, ով ձմեռային մի ցուրտ գիշեր վառում է իր երեք թաղարներով գաճաճ ծառերը՝ ճամփորդող վանականին տաքացնելու համար, դարձել էր Նոհ թատրոնի շատ հայտնի բեմադրություն, և այդ պատմության բազմաթիվ դրվագներ դարեր շարունակ պատկերվել են արվեստի տարբեր միջոցներով այդ թվում փայտե տպագրության։    

Բոնսայ «Ակիրաֆուտոկորո արքայազնը» (Ք․հ․ 706)

Բոլորը՝ լիներ ռազմական առաջնորդ սյոգուն, թե հասարակ գյուղացի, թաղարի կամ ծովախեցու մեջ որևէ տեսակի ծառ էին աճեցնում։ Տասնութերորդ դարավերջին մայրաքաղաք Կիոտոյում սկսել էր կազմակերպվել թաղարով գաճաճ սոճիների ամենամյա ցուցահանդես։ Հինգ շրջաններից և հարևան տարածքներից եկած արվեստի գիտակներից յուրաքանչյուրը բերում էր մեկ կամ երկու բույս ցուցահանդեսին մասնակցելու և այցելուների դատին և գնահատականին ներկայացնելու համար։ Տակամացու քաղաքի դաշտերում (որտեղ գտնվում է Կինաշի Բոնսայ գյուղը) արդեն իսկ աճեցնում էին գաճաճ սոճիներ որպես եկամտի խոշոր աղբյուր։ 

1800 թվականին չինական արվեստների մի խումբ գիտակներ հավաքվեցին Օսակա քաղաքի մոտ՝ մանրակերտ ծառերի նոր ոճերը քննարկելու։ Նրանք իրենց գաճաճ ծառերն անվանեցին «Բոնսայ» (չինարեն «պուն-սայ» տերմինի ճապոնական արտասանությունը), որպեսզի տարբերակեն դրանք սովորական հաչի-նո-կիից, ինչով շատերն էին զբաղվում։ Բոնը կամ պենն ավելի ծանծաղ է, քան Հաչիի թաղարը։ Սա ցույց է տալիս, որ առնվազն որոշ աճեցնողներ հաջողել էին փոքր թաղարների մեջ աճեցվող ծառերի կենսաբանական կարիքները հասկանալու և հոգալու գործում։ Այժմ Բոնսայն ընկալվում էր որպես դեկորատիվ արվեստ, որը փոխարինում էր այդ ավանդույթի կրոնական/առասպելական ընկալմանը։   

Հաջորդող դարաշրջանի ընթացքում տարբեր ոճեր ու չափսեր ստեղծվեցին, հրատարակվեցին գրքեր ու կատալոգներ ծառերի տեսակների, մշակելու գործիքների և թաղարների մասին, կազմակերպվեցին առաջին պաշտոնական ցուցահանդեսները։ Ծառերի ձևավորման համար օգտագործվող պղնձե ու երկաթե լարերին փոխարինելու եկան կանեփի մանրաթելերը։ Չինաստանում մեծածավալ արտադրության դրված տարաները համապատասխանեցվեցին ճապոնական առանձնահատկություններին և այս հոբբիով զբաղվողների թիվն աճեց։

Երկրորդ Կոկուֆու-Տեն բոնսայի ամենահեղինակավոր ցուցահանդեսը, դեկտեմբեր 1934

1923 թ․-ի Մեծ Կանտոյի երկրաշարժից հետո, որն ավիրեց Տոկիոյի շրջանը, Բոնսայի աճեցման մեջ մասնագիտացած երեսուն ընտանիքներ վերահաստատվեցին քսան մղոն հեռու գտնվող Օմիյա գյուղում և հիմնադրեցին ճապոնական Բոնսայ մշակույթի ապագա կենտրոնը՝ Օմիյա Բոնսայ գյուղը։ 1930-ականներին, երբ Բոնսայի պաշտոնական ցուցադրությունները սկսեցին ճանաչում ձեռք բերել, Տոկիոյի Մետրոպոլիտեն թանգարանում թույլատրվեց անցկացնել ամենամյա ցուցադրություն։

Խաղաղօվկիանոսյան պատերազմից երկարատև վերականգնման ընթացքում Բոնսայի մշակույթն ավելի հասունացավ ու վերածվեց ազգային արվեստի կարևոր ուղղության։ Ուսուցողական ծրագրերը, ավելի մեծաթիվ ցուցահանդեսները, գրքերն ու ամսագրերը և օտարերկրացիների համար կազմակերպված դասընթացները տարածվեցին ամբողջ աշխարհով։ Ընդունված խնամքի գործիքների կիրառության համադրումը բույսերի կառուցվածքի խորը իմացության հետ մի քանի վարպետների թույլ տվեց արհեստից անցում կատարելու իրապես դեկորատիվ արվեստի հարթություն։

Վերջին ժամանակներում Բոնսայը, որ հաճախ համարվում է ծեր մարդկանց սիրելի անշտապ ժամանցի տարբերակ, իր նոր ձևերով սկսել է տարածում գտնել երիտասարդների շրջանում մինի-ծառերի և բնապատկերների համար նախատեսված հեշտ խնամքի պարագաներով, առանց լարերի և ավելի համարձակ տեսքով՝ կիրառելով տեղական բուսատեսակները։

Բոնսայի պատմությունն Արևմուտքում

Մեզ է հասել 1604 թ․-ին արված մի իսպանացու նկարարգրություն, թե ինչպես են Ֆիլիպինների տրոպիկական կղզիների չինացի ներգաղթյալները փոքր ֆիկուսի ծառեր աճեցնում ձեռքի ափի չափի մարջանների վրա։ Մեզ հայտնի ամենավաղ անգլերեն արձանագրությունը վերաբերում է Չինաստանում/Մակաուում 1637 թ․-ին արձանագրված թաղարներով գաճաճ ծառերին («արմատը քարի վրայով» ոճի)։ Հաջորդ դարերի ընթացքում նկարագրված նմուշները նույնպես «արմատը քարի վրայով» նմուշներից են եղել։ Տասնյակ ճանապարհորդներ որոշ հիշատակումներ են թողել գաճաճ ծառերի մասին Ճապոնիայի ու Չինաստանի մասին իրենց հուշագրություններում։ Դրանց մեծ մասը վերապատմվել է գրքերում և մեծ տարածում ունեցող ամսագրերում։ Ճապոնական գաճաճ ծառերը ներկայացել են 1876 թ-ի Ֆիլադելֆիայի ցուցահանդեսին, 1878 և 1879 թվականների Փարիզի ցուցահանդեսներին, 1893 թ-ի Չիկագոյի Էքսպոյին, 1904 թ-ի Սնթ․ Լուիսի Համաշխարհային Տոնավաճառին, 1910 թ․-ի Ճապոնիա-Բրիտանիա ցուցահանդեսին և 1915 թ-ի Սան Ֆրանցիսկոյի ցուցահանդեսին։   

Եվրոպական լեզվով (ֆրանսերեն) առաջին գիրքը ամբողջովին նվիրված ճապոնական գաճաճ ծառերին հրատարակվել է 1902 թ․-ին, իսկ առաջին անգլերեն գիրքը՝ 1940 թ․-ին։ «Յոշիմուրայի և Հալֆորդի Մանրակերտ Ծառերն ու Բնապատկերները» հրատարակվել է 1957 թ-ին։ Այն Արևմուտքում հայտնի դարձավ որպես «Բոնսայի Ավետարան», իսկ Յուջի Յոշիմուրան՝ ուղիղ կապող օղակ դարձավ ճապոնական դասական Բոնսայ արվեստի և Արևմտյան առաջադիմական մոտեցման միջև, ինչի արդյունքում ստեղծվեցին էլեգանտ, թարմացված ադապտացիաներ ժամանակակից աշխարհի ոգով։ Կալիֆոռնիայում բնակվող Ջոն Նական ավելի ընդարձակեց այս արվեստի տարածումն՝ անձամբ ուսուցանելով և տպագրելով ուղեցույցներ սկզբում Ամերիկայում, իսկ հետո նաև ամբողջ աշխարհում՝ ընդգծելով տեղական մշականյութերի կիրառության կարևորությունը։  

Այդ շրջանում Արևմուտք էին ներմուծվում ճապոնական բնապատկերներ, որոնք կոչվում էին սայկեյ, ինչպես նաև նոր թափ էր ստացել հետաքրքրությունը չինական Պենջինգի հանդեպ։ Ավելին քան մեկ ծառատեսակից կազմված կոմպոզիցիաները սկսեցին ընդունվել ու ճանաչվել որպես լիարժեք ստեղծագործություններ։

Բոնսայն Արևմուտքում տարածվել է 19-րդ դարավերջին

Տարիների ընթացքում հատկապես Ճապոնիայի պատվարժան հին Բոնսայի տնկարաններում փոքրիկ նորարարություններ և փոփոխություններ են կատարվել, և այդ ամենը Ճապոնիա այցելած վարպետների կամ այտեղից վերադարձող Բոնսայի սիրահար ճանապարհորդների միջոցով կաթիլ առ կաթիլ բերվել է մեր երկրներ։ Վերադառնալով Ճապոնիայից՝ վարպետները նախապես ծրագրված վարպետության դասերի ժամանակ անմիջապես փորձարկում էին նոր սովորած տեխնիկան աշակերտների առջև։ Նոր ճապոնական տեխնիկան այդպիսով ավելի լայնորեն էր տարածվում ու այս կենդանի արվեստը շարունակում էր զարգանալ։  

Եվրոպական լեզուներով հրատարակված գրականության մեծամասնությունը վերաբերում էր հիմնական այգեգերծական գիտելիքներին ու ծառերի առողջ աճեցման ձևերին։ Արևմտյան գիտությունը բարձրացնում էր մեր իրազեկվածությունը կենդանի ծառերի, ինչպես նաև այլ բույսերի կարիքների և կենսագործունեության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ հրատարակված գրքերում մեծ տեղ էր սկսել հատկացվել ծառերի ձևավորման և էտման գեղագիտության բացատրությանը։ Ամբողջ աշխարհում սկսեցին հիմնվել ծառերի ընդարձակ և մշտական հավաքածուներ, ինչպես Շոտլանդիայում, Հունգարիայում, Ավստրալիայում և Կորեայում, իսկ բազմաթիվ ցուցադրությունները, ցուցահանդեսներն ու հավաքները Բոնսայի սիրահարների ու լայն հանդրության համար դարձան ամենամյա միջոցառումներ։  

Հեռարձակվեց «Կարատեիստ երեխան» ֆիլմաշարը, որը յուրօրինակ խթան դարձավ բազմաթիվ երիտասարդների համար՝ ուսումնասիրելու և ճանաչելու մեր արվեստը/հոբբին։

Մինչ այս «Միկա թաղարները» արդեն ստեղծվել էին Կորեայի սահմաններից դուրս և առանձին կավագործներ իրենց հմտություններն էին գործի դնում կերամիկական թաղարներ պատրաստելու համար այդ թվում և ոչ-ստանդարտ ձևավորումներով։ 1992 թ․-ին գործարկվեց Բոնսային նվիրված առաջին համացանցային կայքը՝ alt.Bonsai newsgroup-ը, իսկ հաջորդ տարի գործարկվեց rec.arts.Bonsai-ը՝ Համացանցային Բոնսայի Ակումբի առաջամարտիկը։ Առաջին Բոնսայի ակումբի կայքը ստեղծվեց երեք տարուց էլ պակաս ժամանակ անց։

Եզրակացություն

Բոնսայի ու դրան անչվող արվեստի մասին հրատարակվել են 1200-ից ավելի գրքեր աշխարհի 26 լեզուներով։ Հիսունից ավելի տպագիր պարբերականներ են տպվել բազմաթիվ լեզուներով և միայն անգլերեն գործում են հինգ օնլայն խանութներ։ Հարյուրավոր կայքեր, հարյուրից ավելի քննարկումների ակումբներ, բաժանորդագրումներով օնլայն ակումբներ և բլոգներ կան, որտեղ կարելի է ուսումնասիրել Բոնսայը։ Շարունակաբար անդրադարձներ են հայտնվում հեռուստատեսությամբ, ֆիլմերում և գովազդներում, գեղարվեստական և ոչ գեղարվեստական գրականության մեջ։ Սա իսկապես վերածվել է համաշխարհային հետաքրքրության և մոտավոր հաշվարկով աշխարհում անցկացվում են հազարավոր ակումբների հանդիպումներ տարեկան մեկ անգամից մինչև ամսական երկու-երեք անգամ հաճախականությամբ, յուրաքանչյուրն իր կանոններով, հետաքրքրություններով, յուրահատկությամբ և ուղղվածությամբ։ Հարյուրից ավելի երկրներով սփռված այս ակումբների անդամների քանակը հասնում է մոտ հարյուր հազարի, իսկ որևէ ակումբում չանդամագրված Բոնսայի սիրահարների թիվը հավանաբար անցնում է տասը միլիոնը։

Ուստի երբ հաջորդ անգամ ճյուղ էտելիս կլինես, կամ լար կփաթաթես ճյուղին կամ էլ ծառը կտեղափոխես մի թաղարից մյուսը՝ հիշիր, որ քո արածը շարունակությունն է հազար տարուց ավելի ձգվող ավանդույթի։ Ինչ որ իմաստով դու էլ ես ուսումնասիրում ու ստեղծում քո տիեզերքի մանրակերտը։

Հեղինակ՝ Ռոբերթ Ջ․ Բարան (Բոնսայի հետազոտող և պատմաբան)

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *