Բոնսայի հողը

Ակադաման բոնսայի ավանդական հողախառնուրդի հիմնական բաղադրիչն է

Հողախառնուրդներ բոնսայի համար

Բոնսայի համար հողախառնուրդը կենսական նշանակություն ունի։ Հողը պետք է սնուցիչ նյութեր մատակարարի ծառին, ինչպես նաև պետք է հեռացնի ջրի ավելցուկը, ապահովի բավականաչափ օդափոխություն ու խոնավություն։ Թեև վաճառքում առկա են պատրաստի հողախառնուրդներ, ինքնուրույն պատրաստելու կարողությունն առավելություն է, նախ այդ դեպքում գումար կխնայեք, հետո կկարողանաք այնպիսի խառնուրդներ ստանալ, որոնք ճշգրտորեն համապատասխանում են ձեր ծառատեսակներին։

Օգտագործվող հողի որակը ուղղակիորեն ազդում է ձեր ծառի առողջության և կենսունակության վրա։ Մեր փորձը ցույց է տալիս, որ անառողջ ու թույլ աճող ծառերը հիմնականում տնկված են լինում չպարարտացված օրգանական հողի կամ, որ ավելի վատ է, այգու սովորական հողի մեջ։ Այդպիսի հողը չորանալիս արագ կարծրանում է ու ոչ միայն  չի նպաստում ծառի աճին, այլև իրականում վնասում է նրա առողջությանը։

Ճիշտ հողախառնուրդը

Լավ հողային խառնուրդը պետք է բավարարի մի շարք պահանջների։

  • Խոնավություն պահելու կարողություն

Հողը պետք է կարողանա բավարար քանակությամբ ջուր պահպանել ՝ ջրելու միջակայքերում բոնսային խոնավությամբ ապահովելու համար։

  • Լավ ջրահեռացում

Հողը պետք է ապահովի ջրի ավելցուկի հեռացումը թաղար-սկուտեղից։ Լավ դրենաժ չունեցող հողերը չափազանց շատ ջուր են կլանում, չեն ապահովում բավարար օդափոխություն և աղ են կուտակում։ Հողի ավելորդ խոնավությունից արմատները փտում են, ինչն էլ սպանում է ծառին։

  • Լավ օդափոխություն

Բոնսայի հողային խառնուրդի բաղադրիչները պետք է այնպիսի չափ ունենան, որ նրանց միջև փոքրիկ արանքներ կամ օդային գրպանիկներ մնան։ Դա անհրաժեշտ է ոչ միայն արմատներին թթվածին հասցնելու, այլև օգտակար բակտերիաներին ու սնկարմատները չվնասելու համար, այնպես որ բույսին անհրաժեշտ սննդարար նյութերն արտադրվում և կլանվում են մազարմատների կողմից՝ ֆոտոսինթեզի համար տերևներին փոխանցելու նպատակով։

Տարբեր բաղադրիչներից բաղկացած անօրգանական հողը ապահովում է արագ ջրահեռացում և թույլ է տալիս, որ հողը շարունակաբար թարմ օդ շնչի։ Հատուկ բաղադրություն չունեցող օրգանական հողը չի ապահովում լավ օդափոխություն և ջրահեռացում, ինչն էլ կարող է հանգեցնել արմատների հիվանդության, և թե՛ արմատները, թե՛ ծառը կփտեն։

Տեսանյութ բոնսայի հողի մասին

Օրգանական կամ անօրգանական հողեր

Հողային խառնուրդները լինում են օրգանական կամ անօրգանական։ Մեռած բույսերի մնացորդները, ինչպես օրինակ՝ տորֆը, թափված տերևները կամ կեղևները համարվում են օրգանական հողի բաղադրիչներ։ Օրգանական բաղադրիչների (պոտենցյալ) վտանգն այն է, որ ժամանակի ընթացքում օրգանական նյութերը քայքայվում են և նվազեցնում հողի ջրահեռացման որակը, թեև պետք է նշել, որ դա տեղի է ունենում տարբեր արագությամբ (սոճու կեղևը թերևս բոլոր խառնուրդների ամենանախընտրելի բաղադրիչն է)։ Սենյակային բույսերի համար գործածվող հողային խառնուրդների մեծ մասը մի անգամ ամբողջովին չորանալու դեպքում հետո շատ վատ են կլանում խոնավությունը։ Սա ամենատարածված խնդիրն է, որ հանդիպում ենք տնկարաններից գնված սենյակային բոնսայ ծառերի դեպքում։ Դուք համարում եք, որ ծառը ջրել եք, բայց իրականում ջուրը տարայի պատերով արագ հոսել է դուրս՝ հողը լիարժեք չթրջելով։

Հողային խառնուրդի անօրգանական բաղադրիչները, օրինակ՝ հրաբխային լավան, կալցիումացված (թրծված ) կամ բոված կավերը, գրեթե կամ նույնիսկ ընդհանրապես չեն պարունակում օրգանական նյութեր։ Դրանք ավելի քիչ են կլանում ջուր ու սնուցող նյութեր, բայց և իդեալական ջրահեռացում ու օդափոխություն են ապահովում։

Հողի բաղադրիչներ

Բոնսայի հողային խառնուրդների ամենակարևոր բաղադրիչներից են ակադաման, չեչաքարը, հրաբխային ապարը, սենյակային բույսերի համար նախատեսված օրգանական պարարտանյութ և մանրախիճ (խոշոր ավազ)։

Ձախից աջ՝
օրգանական պարարտանյութ սենյակային բույսերի համար, ակադամա, չեչաքար և հրաբխային ապար։

Ակադաման ուժեղ բոված ճապոնական կավ է,  որը հատուկ արտադրվում է բոնսայի համար և վաճառվում է բոնսայի բոլոր առցանց խանութներում։ Գործածելուց առաջ ակադաման պետք է մաղել։ Ի նկատի ունեցեք, որ մոտավորապես երկու տարուց ակադաման սկսում է քայքայվել՝ որոշակիորեն նվազեցնելով հողի օդափոխությունը։ Սրանով է պայմանավորված ծառի պարբերական վերատնկման անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևոր է ակադամայի՝ լավ ջրահեռացում ապահովող բաղադրիչների հետ համադրումը։ Ակադաման բավական թանկ է, այդ պատճառով էլ երբեմն փոխարինվում է նմանատիպ բոված/եփած կավերով, որոնք հնարավոր է գտնել ցանկացած այգեգործական կենտրոնում։ Նույնիսկ կատվի կղղանքի ավազը կարող է գործածվել որպես ակադամայի այլընտրանք։

Չեչաքարը (պեմզա) հրաբխային փափուկ ապար է, որը շատ լավ է կլանում ջուրն ու սնուցող նյութերը։ Այն հավելում են Բոնսայի հողային խառնուրդին, որ խոնավություն պահպանի և նպաստի արմատային համակարգի ճյուղավորմանը։

Հրաբխային ապարը լավ խոնավություն է պահում և բարելավում է հողային խառնուրդի կառուցվածքը։ Կանխում է արմատների գերաճը։

Օրգանական կոմպոստ, որ պարունակում է տորֆամամուռ, պեռլիտ և ավազ։ Այն մի շարք թերություններ ունի (ջուրը շատ է պահում և այնքան էլ չի նպաստում օդափոխության և ավելորդ խոնավությունից ազատվելու խնդիրների բավարարմանը), բայց խառնուրդի արդյունավետ բաղադրիչ կարող է ծառայել։

Մանրախիճը (խոշոր ավազը) նպաստում է լավ ջրահեռացմանն ու օդափոխությանը։ Այն օգտագործվում է որպես ստորին շերտ՝ ապահովելու ջրահեռացումը։ Այնուհանդերձ, շատ մասնագետներ այսօր չեն գործածում մանրախիճ՝ գերադասելով ակադամայի, չեչաքարի ու հրաբխային ապարի խառնուրդը։

Երաշխավորված հողային խառնուրդներ բոնսայի համար

Տարբեր ծառատեսակներ պահանջում են տարբեր հողային խառնուրդներ, ուստի հետևեք ըստ ծառատեսակների մեր ուղեցույցին՝ գտնելու ամենահարմար հողախառնուրդը ձեր ծառի համար։ Ամեն դեպքում մենք կարող ենք նկարագրել հողային խառնուրդի երկու հիմնական տեսակ՝ մեկը տերևաթափվող, մյուսը՝ փշատերև ծառերի համար։ Երկու տեսակն էլ պարունակում են ակադեմա (խոնավությունը պահող բաղադրիչ), չեչաքար (խառնուրդը ձևակազմող բաղադրիչ) և հրաբխային ապար (օդափոխության ու ջրահեռացման համար)։

Նկատի ունեցեք, որ երկու տեսակի խառնուրդն էլ կարող են և պետք է հարմարեցված լինեն ձեր տեղային պայմաններին։ Եթե ժամանակ չունեք՝ օրական երկու անգամ հետևելու ձեր ծառին, ավելի շատ ակադամա լցրեք (կամ նույնիսկ օրգանական բաղադրանյութեր հավելեք), որպեսզի մեծացնեք խառնուրդի ջրապահպան հատկանիշները։ Եթե ձեր կլիման խոնավ է, ավելի շատ հրաբխային ապար լցրեք (կամ անգամ մանրախիճ)՝ բարելավելու ձեր խառնուրդի ջրահեռացնող հատկանիշները։

Տերևաթափվող բոնսայների հողախառնուրդ

  • 50% Ակադամա
  • 25% Պեմզա (չեչաքար)
  • 25% Հրաբխային ապար

Փշատերև / սոճի բոնսայների հողախառնուրդ

  • 33% Ակադամա
  • 33% Պեմզա (չեչաքար)
  • 33% Հրաբխային ապար

Բոնսայի հողային բաղադրիչների միախառնումը, քայլ առ քայլ

1․ Ակադաման ճապոնական բոված կավ է։ Վաճառքում առկա են տարբեր չափեր, այս դեպքում մենք ընտրել ենք միջին չափի հատիկներ;

2․ Մաղով հեռացնում ենք փոշին։ Փոշին հեռացնելով՝ մենք թույլ ենք տալիս, որ խառնուրդը շնչի, և լավ ջրահեռացում կատարվի։

3․ Հաջորդ բաղադրիչը չեչաքարն է, որը մաղելու կարիք չունի։

4․ Եվ վերջապես հրաբխային ապարը․ եթե այն փոշոտ է, ապա մաղեք։

5․ Որոշ դեպքերում խորհուրդ է տրվում հավելել օրգանական հող, հատկապես երբ հարկավոր է ավելացնել ջրակլանումը։

6․ Այնուամենայնիվ, մենք խորհուրդ ենք տալիս այս խառնուրդը՝ ակադամա, չեչաքար և հրաբխային ապար։

Կարևոր զգուշացում

Տարբեր մասնագետներ, ելնելով իրենց փորձառությունից՝ իրենց հողախառնուրդի տարբերակն են առաջարկում։ Դուք էլ կարող եք տարբեր բաղադրութոյւններ փորձել և գտնել ձեզ ամենահարմարը։

Share Button

2 Մեկնաբանություն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *