Բոնսայի սահմանումն ու խորհուրդը

Ի՞նչ է Բոնսայը

«Բոն-սայ» բառը (հաճախ սխալ արտասանությամբ՝ բոնզայ կամ բանզայ) ճապոնական եզրույթ է, որը բառացի թարգմանությամբ նշանակում է «սկուտեղի մեջ տնկված»։ Այս արվեստը ծագում է հին չինական այգեգործությունից, որը հետագայում որպես ինքնուրույն ուղղություն զարգացում ապրեց ճապոնական Ձեն բուդդայականության ազդեցությամբ։

Այս մշակույթն արդեն ավելի քան հազար տարվա պատմություն ունի։ Բոնսայ աճեցնելու նպատակը բնության մանրակերտի ստեղծումն է ծառի տեսքով։ բոնսայները գենետիկորեն գաճաճ բույսերը չեն, ինչպես հաճախ սխալմամբ կարծում են, և, ըստ էության, ցանկացած ծառատեսակ հնարավոր է աճեցնել որպես բոնսայ։

Բոնսայ «Ակիրաֆուտոկորո արքայազնը» (Ք․հ․ 706)

Ի՞նչ է բոնսայ ծառն ըստ էության

Ծառի առողջ աճը սահմանափակելու և ուղղորդելու համար օգտագործվում են բողբոջները ճմլելու, ճյուղերը էտելու, լարակապելով ձևավորելու ու պարարտանյութերով սնուցումը կառավարելու, սակայն ոչ լիովին չեղարկելու տեխնիկաները։ Բոնսայները, որ հիմնականում պահվում են մինչև մեկ մետր բարձրության վրա, գենետիկորեն գաճաճ բույսեր չեն։ Այնուամենայնիվ, մանրիկ տերևներով բույսերից այս տեսակ կոմպոզիցիաների ձևավորումն ավելի դյուրին է։ Իրականում, ցանկացած բուսատեսակ, որն ունի փայտային բուն կամ ցողուն, ճյուղավոր է, մանր կամ մանրացվելու ունակ տերևներ է տալիս և որը հաջողությամբ կարելի է աճեցնել թաղարի մեջ՝ սահամանափակելով արմատների կենսատարածքը՝ կարող է դառնալ բոնսայ։

Նայեք ձեր շուրջն աճող ծառերին, թփերին, կենդանի ցանկապատերին, ձեր բակում կամ այգում աճող պուրակներին, տնկարաններում կամ վայրի բնության մեջ աճող բույսերին – գործնականում դրանցից ցանկացածը կարող է դառնալ բոնսայի մշականյութ։ Համապատասխան թույլտվության առկայության դեպքում ծառի քնի շրջանում կամ զարթոնքից առաջ խնամքով հավաքելով՝ կարող եք բոնսայի ձևավորման երկար ճանապարհը սկսած համարել։ Տեղական բույսերի մեծամասնությունը հնարավոր է աճեցնել բացօթյա, մինչ արևադարձային երկրներից բերված տնկիները միշտ լրացուցիչ խնամքի՝ հատկապես պատշաճ ձմեռում կազմակերպելու կարիք ունեն։

Բոնսայի դասակարգումն ըստ չափի

Բոնսայի վերջնական նպատակը բնության իրապաշտական արտածումն է։ Որքան Բոնսայը փոքրանում է (անգամ մինչև ընդամենը մի քանի սանտիմետրը) այն ավելի ու ավելի վերացական տեսք է ստանում՝ տարբերակվելով բնության ուղղակի վերարտադրություն լինելուց։ Բոնսայի դասակարգման մի քանի տարբերակներ են առաջ քաշվել և թեպետ չափերի հստակ դասակարգումը վիճելի է, այն օգնում է ընկալել Բոնսայի գեղագիտական ու բուսաբանական արժանիքները։ Սկբնական շրջանում բոնսայի դասակարգումը կատարվում էր ըստ մարդկանց այն քանակի, որ անհրաժեշտ էր իրական ծառը տեղից կտրելու համար։

Չափերի դասակարգումը փոքրից մեծ․
  • Կեշիցուբո՝ 3-8 սմ
  • Շիտո՝ 5-10 սմ
  • Մամե՝ 5-15 սմ
  • Շոհին՝ 13-20 սմ
  • Կոմոնո՝ 15-25 սմ
  • Կատադե-մոչի՝ 25-46 սմ
  • Չումոնո/Չիու՝ 41-91 սմ
  • Օմոնո / Դաի՝ 76-122 սմ
  • Հաչի-ույե՝ 102-152 սմ
  • Կայսերական՝ 152-203 սմ
Շուկայում վաճառվող Բոնսայներ, Ճապոնիա

Բոնսայի սահմանումը

Որպես ճապոնական արվեստի անվանում օգտագործվել են չինարենից փոխառած հիերոգլիֆները, որոնցով վերջիններս անվանում էին իրենց հին՝ ծաղկամանով գաճաճ ծառերից բնապատկերների ստեղծման արվեստը։ Բոնսայ ճապոներեն գրվում է 盆栽: Ըստ էության բոնսայի սահմանումը կարելի է բացատրել հետևյալ կերպ․

盆栽 - Bon-sai Japanese character

«Բոն» [ձախի հիերոգլիֆը] նշանակում է ափսե, համ ցածր, ծանծաղ թասիկ («ձևափոխված անոթ, որը կտրվում էր ավելի խորը անոթից»)։

«Սայ» [աջի հիերոգլիֆը] նշանակում է ծառ կամ որևէ այլ բույս, որը տնկված է՝ «տնկված», ինչպես հողի մեջ խրված տեգը կամ նիզակը։

Այսպիսով «Բոնսայ» նշանակում է «ծանծաղ անոթի մեջ տնկված ծառ»։

Բոնսայի խորհուրդը

Գիտենք, որ բոնսայ բառացի նշանակում է «ծառ սկուտեղի մեջ», բայց ո՞րն է բոնսայի խորհուրդը։ Այն մանրակերտ ծառի կերպով բնության կրնկօրինակն է, որի գոյացման գործում մարդու միջամտությունը չպետք է շատ ակնհայտ լինի։

Բոնսայ ծառի նրբիմաստներն ու մեկնությունները հետևյլան են․

  • Այն ընդհանուր առմամբ հասուն ծառի ձև և տեսք ունի, թեպետ և պարտադիր չէ, որ այդ բուսատեսակը բնության մեջ գոյություն ունենա նույն համամասնություններով։
  • Ուրվագիծ, որ ճիշտ է, լուսանկարչական մանրամասնությամբ չի արտահայտում ծառի տեսքը, բայց բավարար հատկանիշներ ունի իբրև լիարժեք հասունացած ծառ ընկալելի լինելու համար։
  • Բաց հողում աճող իրական ծառի համեմատ հարաբերական փոքրությունը բոնսային դարձնում է ավելի դյուրակիր՝ տեղափոխման և մոտդ ունենալու համար։
  • Բնականության զգացողություն, որը փոքր ինչ ընդգծվել է մարդու ձեռամբ, բայց նրա միջամտության ակնհայտությամբ չի խաթարվել։
  • Ինքն իրենից առավել մի բանի առանձնահատուկ ներկայացումը, որն այդպիսով հնարավորություն է տալիս յուրաքանչյուր դիտողի ինքնուրույն մեկնաբանել իր տեսածն ու պատկերացում կազմել՝ ելնելով սեփական փորձառությունից ու հիշողությունից։
  • Մի այնպիսի թանկ բան, որն իր անոթում անցկացրած [հուսանք երկար] կյանքի ընթացքում բառացիորեն ամեն օր խնամվել է։
  • Այնքան հարգարժան մի բան, որ թույլատրվել է ժամանակավորապես տեղափոխել տան պատվավոր հյուրերի համար նախատեսված հարկաբաժին, թեպետ և այգու հող է պարունակում։  
  • Շարժական օազիս, պզտիկ այգի, որ կարող է ի ցույց դնել տարվա եղանակները, հուզիչ և հարազատ բնապատկեր, որ հրաշալի միջավայր է ստեղծում մեդիտացիայի ու խորհրդածությունների համար։
  • Սրանք ընդամենը մի քանի պայմանական կետեր են, իսկ թե ինչ իմաստ ու խորհուրդ ունի բոնսայը ձեզ համար՝ որոշեք ինքներդ։

Բոնսայի պատմության ու ծագման մասին լրացուցիչ տեղեկության համար կարդացեք։

Այգեգործական փորձառությո՞ւն, թե արվեստի ձև

Ձևավորման ընթացքում գտնվող բոնսայը (նաև հայտնի որպես «պոտենսայ», այսինքն պոտենցիալ բոնսայ) պետք է ուրվագծի այն ապագա հասուն ծառը, որը վարպետը, առնվազն որոշակի հստակությամբ, պատկերացնում է մտքում։ Եվ քանի որ մշակման ընթացքում գործ ունենք կենդանի, աճող էակի հետ, այդ տեսլականը երբեք ավարտուն կամ ամբողջական չի լինում։ Ծառը միշտ ներկայանալու է որոշակի, նախորդներից տարբերվող կերպով, կախված կենսաբանական պարամետրերից, առողջական վիճակից, ձևավորումից և այլն։ Ամենահին և վաղուց թաղարում ապրող Բոնսայները բնական փոփոխություններից ելնելով իրենց երկար կյանքի ընթացքում կարող են տարբեր ոճերի ազդեցություն կրել։ Այս ծառերը գործնականում կարող են ավելի երկար ապրել, քան իրենց բնական չափերին հասած ցեղակիցները, որովհետև նրանց առողջությունը, ջրելու գործընթացքը, սննդանյութեր ստանալը, եղանակի անբարեհաճություններից պաշտպանվածությունը, վնասվածքներից ապաքինման համար անհրաժեշտ խնամքը կամ մակաբույծներից բուժումը մշտապես գտնվում է իրենց խնամողների համակ ուշադրության ներքո։ Մեր «10 ամենահայտնի Բոնսայի ծառերի ցանկում» ներառել ենք 800 տարեկան բոնսայ ծառ։ Լավագույն Բոնսայները, լինի մեկ ծառ, թե բազմաթիվ ծառերից ու քարերից կազմված բնապատկերային կոմպոզիցիա, հուզում են, ստիպում ուշադրություն դարձնել, մի պահ կանգ առնել և գրգռում են մեր երևակայությունը, որպեսզի տեսնենք ու զգանք մի լրիվ ուրիշ բան։

Հաստ ծառաբները, կեղևի խորդուբորդությունը, կենդանի ու չորացած փայտի միահյուսվող և միմյանց հաջորդող խաղը, մակերեսային արմատները, ճյուղերի և բողբոջների ճյուղավորումը, սաղարթային բարձիկները, մանրիկ տերևներն ու ասեղնատերևները, փոխլրացնող ու հարաբերականորեն ծանծաղ տարան, փոքրիկ պտուղները կամ կոներն ու ծաղիկները մի քանիսն են ի թիվս այլ ավելի պակաս ակնհայտ հատկանիշների, որոնք կարելի է օգտագործել բնապատկերի մանրակերտ ստեղծելու համար։ Բոլոր թվարկվածները չէ, որ անհրաժեշտ են կամ հնարավոր է համատեղել մեկ կոմպոզիցիայի մեջ և դրանք չի կարելի կիրառել պարզապես, որովհետև «այդպես ենք ցանկանում»։ Իսկական վարպետը հասկանում, զգում է կարիքը։ Եվ նրա ստեղծածը հուզում է։ Իրական գլուխգործոցները նրանք են, որ նայելիս, միանգամից ասես շունչդ կտրվում է ու դեմքիդ ժպիտ է հայտնվում։ Առաջին բոնսայները հավաքվում էին վայրի բնությունից և յուրահատուկ ձևի ծառանմուշներ էին, որոնք ասես պատմում էին իրենց երկար կյանքի բազմազան արկածների ու դժվարությունների մասին։ Քանի որ դարերի ընթացքում այդպիսի նմուշները աստիճանաբար քչացան, սկսեցին ստեղծվել տնկարաններ ու փորձարկվել բնապատլերների կառուցման նոր տեխնիկաներ։ Ի վերջո պարզ դարձավ՝ ինչպես ձևավորել ծառերը, որ դրանք նման լինեն բնության մեջ աճող իրենց ցեղակիցներին։

«Բոնսայը մարտահրավեր է մեր այգեգործական հմտություններին, ստեղծագործական գեղագիտությանն ու ձևավորման կարողությանը»

Բոնսայը այգեգործական գիտելիքների ու արվեստի միահյուսում է։ Երբ վարպետի փորձառությունը որևէ ծառատեսակի հետ ավելանում է, բույսը առողջ պահելու առաջնահերթ մտահոգությունը կարող է տեղը զիջել ձևավորման գաղափարին։ Լավագույն, իդեալական գլուխգործոց կոմպոզիցիաները բնական տեսք են ունենում՝ զերծ արհեստականությունից կամ սեթևեթանքից։ Դրանք դիտողի ուշադրությունը միանգամից չեն բևեռում վարպետի վրա, ցայտուն կերպով ի ցույց չեն դնում իրենց առավելությունները (կամ թերությունները)։ Կոմպոզիցիաների մասին լրացուցիչ կարող եք կարդալ բոնսայի ոճերը հոդվածում։  

Ինչպես բոլոր արվեստների, արհեստների, հոբբիների պարագայում, բոնսայով նույնպես հնարավոր է հիանալ ինչպես միայնակ, այնպես էլ այդ հրճվանքը կիսել ուրիշների հետ։ Դրանք կարող են պատրաստվել ինչպես անձնական հաճույքի, այնպես էլ վաճառքից եկամուտ ստանալու նպատակով։ Բոնսայ կարելի է պատրաստել ինչպես կարճ ժամանակում ու առանց մեծ փորձ ունենալու, այնպես էլ որոշակի տևական ժամանակի ընթացքում՝ հարստացող սեփական փորձի և այլ վարպետների ու Բոնսայ սիրողների պատրաստածներն ուսումնասիրելու միջոցով։ Կամ էլ այս մոտեցումների ցանկացած համադրությամբ։

Բոնսայը կարող է մարտահրավեր նետել մեր այգեգործական հմտություններին, գեղագիտությանն ու ձևավորելու կարողություններին, ժամանակ և գումար ներդնելու հնարավորությանը և դրանք խնամելու և ցուցադրելու մեր ունեցած պայմաններին։ Բոնսայները իսկապես կարող են լինել և են ավելին, քան ընդամենը «փոքրիկ ճապոնական ծառերը»։ Դրանք կարող են լինել շատ էժան, ինչպես որևէ բակից քաղած ու պլաստմասսայե թաղարի մեջ դրված «հերթական» սածիլը, այնպես էլ թանկարժեք մրցանակների արժանացած նմուշ, որ ներմուծվել է հեռավոր երկրից՝ հնամենի տարայի։ Այս հոբբիի / արվեստի ընձեռած հնարավորությունների բազմազանությունը բոնսայի ամենագրավիչ կողմերից մեկն է։

Բոնսայի համար օգտագործվող տարաներ

Այս ծառերի համար օգտագործվող տարաները կարող են ինքնին հետաքրքրաշարժ լինել։ Ավանդաբար Չիանաստանում, իսկ հետո Ճապոնիայում մեծամասամբ թրծված կավից պատրաստված այս ծանծաղ թաղարներն այժմ ամբողջ աշխարհում պատրաստվում են թե՛ մասնագետ, թե՛ սիրողական վարպետների կողմից։ Տվյալ ծառին համապատասխան թաղարի ընտրությունը հիանալի մարտահրավեր կարող է լինել, քանի որ թաղարը պետք է ոչ միայն նպաստի ծառի աճին, այլ նաև գրավիչ, բայց ոչ աչք ծակող շրջանակ դառնա բոնսայի ընդհանուր կերպարի մեջ։ Հողագույն երանգավորումն ու ոչ շատ աչքի ընկնող զարդարանքը տարբերակում են ճապոնական ավանդական թաղարները չինականից։  Կասկադատիպ ծառերի տարաները ծանծաղ թաղարի կանոնի միակ բացառությունն են․ այս բարձր, նեղ անոթները պետք է բավականաչափ տարածք ապահովեն արմատների համար և ձգողության կենտրոն լինեն ծառերի համար, որոնք սարից կամ ժայռի ծերպից կախվածի պես պետք է լինեն։ Բոնսայի թաղարներ ընտրելու մասին հավելյալ տեղեկության համար խնդրում ենք սեղմել այստեղ։  

Որմնանկար Արքայազն Չանգի դամբարանից (Ք․ հ․ 706), փոքր ծառերով։

Հարակից արվեստներ

Թեպետև «բոնսայ» տերմինը կիրառվում է ճապոնական մոդելով թաղարներում աճեցվող գաճաճ ծառերի համար, այն նաև կիրառվում է որպես ընդհանրական տերմին այլ երկրների նմանատիպ արվեստի ձևերի առնչությամբ, որոնց թվում են նաև հետևյալ ձևերը՝

  • Պենջինգը բնապատկերների մանրակերտներտեր ստեղծելու շատ ավելի ավելի հին, չինական արվեստն է։ Դրանք սովորաբար ներառում են քարեր, որ խորհրդանշում են լեռներ, սարեր ու ժայռածերպեր։ Դրանց բարձրությունը երբեմն հասնում է 3 կամ 10 մետր բարձրության։ Այս խոշոր կոմպոզիցիաները մշտական ցուցադրության են դրվում անշարժ ցեմենտե տարաների մեջ։
  • Սայկեյը պեյջինգի ավելի նոր ու ավելի փոքր ճապոնական տարբերակն է։ Պատրասվում են քարերից, հողածածկող բույսերից ու թերզարգացած ծառերից (որոնք մի օր կարող են առանձին թաղարով բոնսայ դառնալ)։
  • Հոն նոն բոն վիետնամական փոքր բնապատկերներ են, որոնց չափերը տատանվում են 0․3-7․6 մետր բարձրության միջակայքում, պատրաստվում են քարերից, բույսերից ու ջրից՝ ստեղծելով կղզու տեսարանի, լեռների և բնության նմանակում։
  • Մայ-դատը թայլանդական կոմպոզիցիաներ են, որոնք ավելի խորհրդանշական բնույթ ունեն, մի տեսակ ոճավորված որպես պարողի դիրքեր։

Որոշակի ինքնատիպ ձևեր են նաև հանդիպում օրինակ Հյուսիսային Ամերիկայի, Հարավայի Աֆրիկային ու Ավստրալիայի բնիկ ծառերը արտապատկերող բոնսայների մեջ։ 

Ցուցադրության մեջ տարբերակիչ տարրեր մտցնելու այլ հնարավորություններ նույնպես կան։ Երանգավորող բույսերն ավելի փոքր, առանձին թաղարներով դրված կոմպոզիցիաներ են, որոնք տեղադրվում են հիմնական բոնսայի մոտ՝ մասշտաբի զգացողություն ստեղծելու կամ հիմնական ծառին սեզոնային թեմատիկա փոխանցելու նպատակով։

Ցուցադրության համար ամենից ֆորմալ միջավայրը տոկոնոման է, պատի բարձրադիր խորան, որի հետևի պատից սովորաբար մագաղաթի գլանակ է կախվում: Գլանակի, բոնսայի և երանգավորող բույսի կամ քարի համադրությունն արվում է որոշակի թեմայի մեջ:

Սուիսեկի քարերը հարաբերականորեն փոքր բնական քարեր են, որ օգտագործվում են որպես լեռների, ժայռերի, կղզիների, խրճիթների, կենդանիների կամ այլ առարկաների մանրակերտեր: Դրանցից լավագույններն ունեն հատուկ ցուցադրման խորան կամ պատվանդան հնարավորինս լավ տեսանելի լինելու համար:

Բոնսային սերտորեն առնչվող արվեստների մասին կարող եք կարդալ այստեղ:

Սա այգեգործության այս արվեստի արդի մեկնաբանությունն էր: Քանի որ ամբողջ աշխարհում բոնսայի հանդեպ հետաքրքրությունն ու նոր ձևերի փորձարարությունը շարունակ ընդլայնվում է, հետագայում բոնսայ եզևույթի ընդհանուր համատեքստը կհարստանա լրացուցիչ իմաստներներով: Որքան որ տեղական ծառատեսակներ ու ազգային ոճեր կիրառվեն բոնսայ ստեղծելու համար, այնքան ավելի ընդգրկուն կդառնա բնությամբ և գեղեցիկի ձևակերպման և երկրպագության այս արտահայտչամիջոցը։

Հեղինակ՝ Ռոբերտ․ Ջ․ Բարան, բոնսայի հետազոտող և պատմաբան

Share Button

1 Մեկնաբանություն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *