Ճապոներեն յամադորի եզրույթով են կոչում այն ծառերը, որ բնության մեջ բնական պայմանների բերումով, օրինակ խիստ քարքարոտ տեղադրության և սննդարար նյութերի պակասի պատճառով ցածրաճ են մնացել։
Չնայած այն բանին, որ այս տնկիները չափազանց դժվար է անվնաս հանելն ու տնկարան տեղափոխելը, դրանք գեղեցիկ բոնսայ դառնալու կարևոր որակներ ունեն։ Նաև հաշվի առեք, որ յամադորիի հավաքչությունը վայրի բնությունից օրենքով արգելված է, տնկանյութ կարելի է հանել միայն հողի սեփականատիրոջ թույլտվությամբ։
Ծառատեսակների մեծամասնության համար տնկիները հանելու լավագույն ժամանակը վաղ գարունն է, մինչ վեգետացիոն շրջանի սկիզբը։
Յամադորի տնկանյութի հավաքչության քայլ առ քայլ ուղեցույց
- Առաջինը՝ բահով փորում ենք բույսի շուրջը, զգուշությամբ, որպեսզի չվնասենք ծառի արմատայիան համակարգը։
- Հողից հանելուց հետո տնկին դնում ենք նախապես թրջված կտորի վրա, հետո արմատախուրձը փաթաթում այդ նույն կտորով։ Կարևոր է, որ տեափոխման ընթացքում ծառարմատները չչորանան։ Տնկարան հասցնելուն պես այն անմիջապես պետք է տնկվի թաաղարում։
- Այնտեղից, որտեղից հանել եք ծառը, նաև մի քիչ բնահող վերցրեք, հետագայում յամադորիի հողախառնուրդում այն օգտագործելու համար։
- Հնարավորինս մեծ թաղար վերցրեք ջրահեռացման անցքերով և գրեթե ¼-ի չափով մանրախիճի ու ակադամայի խառնուրդ լցրեք։ Բոնսայ հողախառնուրդների մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ։
- Բացեք կտորի մեջ փաթաթված ծառարմատը և դրեք այն թաղարում, կողային դատարկ հատվածը լցրեք բույսի աճելավայրից բերված հողի ու ակադամայի խառնուրդ ½ հարաբերությամբ։
- Վերջում՝ առատ ջրեք, բայց զգուշացեք հողի մակերես ջրի առատ շիթով վնասելուց։
- Ծառը դրեք ուղիղ արևից պաշտպանված տեղում և հողն անընդհատ խոնավ պահեք։ Ամռանը կարելի է մի քիչ պարարտացնել։ Այսպես բույսը պետք է մնա մեկ տարի, և բարեհաջող ադապտացիայից հետո նոր միայն կարելի է զբաղվել նրա ոճավորմամբ։