10 պատգամ սկսնակ բոնսայագործին

Բոնսայի խնամքի տաս կարևոր խորհուրդ, որ իսկապես աշխատում է

Բոնսայ ծառեր աճեցնելու բազմաթիվ խորհուրդներ ու հնարքներ կան, որոնք աշխատում են մեկ մարդու դեպքում, մինչդեռ մյուսի համար կարող են և անօգոիտ լինել։ Դրանց մի մասը կապված է այն բանի հետ, որ ամեն ծառ պահանջում է կյանքի համար իրեն անհրաժեշտ հատուկ պայմաններ, որոնք ներառում են, սակայն չեն սահմանափակվում ծառի տեսակով, արևի լույսի նկատմամբ պահանջով, ջերմաստիճանով, օդի խոնավությամբ, սնուցումով և ժամանակային նպատակահարմարությամբ, ինչը հաճախ անտեսվում է։ Հատկապես վերջին բաղադրիչը ծայրահեղ կարևոր է. առանց մի որոշ ժամանակ ծառի կյանքի շրջափուլերին ուշադիր հետևելու չեք կարողանա ժամանակի անհրաժեշտ զգացողություն ձևավորել։

Բոնսայ ծառերը խնամելու ամենահաճելի ասպեկտներից մեկն այն է, որ նրանք բոլորը շատ տարբեր են և տարբեր կերպ են արձագանքում ձեր վերաբերմունքին։ Ծառերը կարծես օժտված լինեն սեփական բնավորությամբ և անհատականությամբ, բայց այնուամենայնիվ, կան որոշ խորհուրդներ, որ իրոք արժե կիրառել գերազանց արդյունքի համար և այս տասը խորհուրդը հենց այդ շարքից են։

1․ Հաճախակի դիտարկեք ձեր ծառը

Այս խորհուրդը կարող է ակնհայտ թվալ, սակայն շատ դեպքերում, հատկապես սկսնակների համար, այն կարող է իրոք ծառերի կյանքի համար փրկարար նշանակություն ունենալ։ Տրամաբանությունն այսպիսին է՝ որքան շուտ նկատես խնդիրը, այնքան հեշտ կլինի այդ խնդիրը հաղթահարել։ Սրա կարևոր պահերից մեկն էլ այն է, որ սովորես ճիշտ ճանաչել այն ազդակները, որ ծառդ քեզ հղում է, և հասկանաս, թե ինչ պետք է անել յուրաքանչյուր դեպքում։ Ինչքան ավելի լավ ես ճանաչում ծառիդ, այնքան արդյունավետ կլինի նրա խնամքը։

Մի թերագնահատեք այս խորհուրդը. այն ձեզ թույլ կտա ընկնել հունի մեջ և հենց ամենասկզբից շատ ավելի հեշտությամբ անցնել բոնսայի ստեղծման ձեր ուղին։

2․ Բոնսայի օրագիր և օրացույց վարեք

Այս խորհուրդը երկուսը մեկում տարբերակն է. բոնսայի օրագիր և օրացույց ունեցեք։ Օրագիրը ձեզ կօգնի վավերագրել, թե ինչ եք արել և երբ, և թույլ կտա ձեզ հետ նայել և ախտորոշել խնդիրները, երբ դրանք ծագեն։ Երբեմն իրոք բարդ է լինում հիշելը, թե անցյալ ամիս որքան պարարտանյութ եք տվել հողին։

Այս խորհրդի երկրորդ հատվածը՝ օրացույց պահելը, ապագա գործողությունները պլանավորելու համար են. այն հիշեցնում է անհրաժեշտ միջոցառումների մասին։ Դա կարող է կապված լինել ձմեռումի նախապատրաստությունների, լարակապումը հեռացնելու կամ ծառի վերատնկման հետ։ Այս կերպ մոռանալու հավանականությունը զրոյի է հասցվում, բացի այդ ապահովվում է ժամանակի և անելիքների ավելի մեծ ժամանակահատվածի տեսանելությունը։

3․ Հաճախակի լուսանկարեք ձեր ծառը

Այս խորհուրդը բոնսայով զբաղվողների մեծ մասն ամենայն հավանականությամբ արդեն իսկ իրականացնում է, սակայն այն կարելի է ավելի հաճախակի անել։ Դա նույնպես թույլ է կտա փաստագրել ձեր ծառի աճը, այն համեմատել նախորդ սեզոնների իրավիճակի հետ։ Եթե հույս դնեք միայն հիշողության վրա, կարող եք այս կամ այն կերպ մոլորության մեջ ընկնել։ Ժամանակի միջով հետ նայելը ևս ինքներդ ձեզ մոտիվացնելու, ներշնչաքի գործուն միջոց է։ Բացի այդ ակնհայտ պատկերներով կարող եք հետևել նրան, թե ինչքան է առաջադիմել ձեր ծառը աճի, առողջացման, ձևավորման և ընդհանուր էսթետիկայի առումով։ Այս գործիքը կօգնի ձեզ սրընթաց առաջ ընթանալ և հպարտությամբ լցվել սեփական ձեռքբերումների հանդեպ։ Դա նաև հիանալի արխիվ է, որը կարող եք կիսել բոնսայով հետաքրքրող գաղափարակից ընկերների հետ։

4․ Օգտագործեք անձրևաջուր

Ըստ էության, բնության մեջ ծառերը միայն անձրևաջուր են ստանում, և այն իրոք հրաշքներ է գործում։ Իրականում, շրջանների մեծ մասի դեպքում ձեր բոնսայ ծառերի որոշ տեսակների համար ծորակից հոսող ջուրը կարող է իրական վտանգ ներկայացնել, հատկապես, եթե դուք ապրում ենք այնպիսի վայրում, որտեղ ծորակից ջուրը կոշտ է։ Անձրևաջուրը ֆիլտրացված չէ և պարունակում է որոշակի հանքանյութեր և սննդանյութեր, որոնք դուք փորձում եք ապահովել պարարտանյութի միջոցով։ Հիանալի սովորություն է՝ հավաքել անձրևաջուրը և մանր ու նուրբ ցնցուղի միջոցով ոռոգել հողն ու ծառը։ Տերևները ցողելը նույնպես լավ գաղափար է, դրանք մաքրվում են և տերևների մեջ ջուր է ամբարվում։

5․ Օգտագործեք ջրահավաք սկուտեղ

Թաղարի տակ ջրահավաք սկուտեղ տեղադրելու օգտին մի քանի փաստարկ կա և ոչ մի հակափաստարկ, որը կկաշկանդի այդ անել։ Նախ և առաջ դրա մեջ է հավաքվում այն ամբողջ ավելցուկային ջուրը, որը ոռոգումից հետո դուրս է գալիս թաղարի ջրհոս անցքերից։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ կարիք չկա ամեն անգամ ոռոգման համար ծառը տեղափոխելու, և այդպիսով կարելի է այն ջրել, հենց որ կարիք լինի։

Ջրահավաք սկուտեղ

Ջրահավաք սկուտեղների օգտագործման մյուս կարևոր պատճառն այն է, որ դա օգնում է խոնավ պահել ծառին անմիջապես հարող օդը։ Խոնավացման սկուտեղներն ու կաթիլային սկուտեղները գրեթե նույն բանն են, բայց կարող են նաև տարբեր գործառույթներ ունենալ։ Լրացուցիչ խորհուրդ. կաթիլային սկուտեղում լցրեք մի շերտ միջին չափի խճաքար և դրա վրա դրեք թաղարը։ Մի կողմից սա թույլ է տալիս, որ թաղարում չկուտակվի ավելցուկային հեղուկը և չփչացնի ծառի արմատները, մյուս կողմից դա օգնում է խոնավ պահել արմատներն ու հեշտացնում է ոռոգումը։

6․ Օգտագործեք արևի ցրված լույս

Այս խորհուրդը կախված է ձեր ունեցած ծառի տեսակից և նրանից, թե ինչ քանակությամբ կամ ինչ ուժգնության արևի լույս է այն պահանջում։ Հասարակածային գոտում աճող ծառերը սովորաբար ավելի մեծ քանակությամբ արևի լույսի կարիք ունեն, իսկ չափավոր լուսասեր ծառերին դրա ավելցուկը կարող է վնասել։ Այդ խնդիրը կարելի է լուծել արևի ուղիղ ճառագայթների մասնակի մարման արևապաշտպան ցանցով կամ պաշտպանիչ էկրանով։ Այսպիսով կնվազի լույսի ինտենսիվությունը և տերևները արևայրուքից ու գերչորացումից պաշտպանված կլինեն։ Արևի արդյունավետ ցուցանիշը գտնելու հարցւոմ ձեզ կօգնի ցուցանիշների պարբերական գրառումները բոնսայ օրագրում։

7․ Փայտաձողերի մեթոդը

Որպես փայտաձողերի մեթոդ հայտնի այգեգործական ավանդական տեխնիկան թույլ է տալիս հեշտությամբ չափել հողի խոնավությունը։ Կարող եք օգտագործել պատառաքաղ փայտիկ, կամ որևէ այլ չօգտագործված փայտե ձող, հողի խոնավությունը չափելու համար։ Պարզապես փայտիկը մոտ 5սմ խորությամբ մտցրեք հողի մեջ ծառաբնից ու թաղարի եզրից գրեթե հավասար հեռավորության վրա։ Թողեք մնա մի 5 րոպե, ապա դուրս քաշեք այն։ Եթե հողի մեջ խոնավություն առկա է, փայտի ծայրը մգացած կլինի, այդ պարագայում ծառը ոռոգման կարիքչունի։ Իսկ եթե փայտիկի գույնը չի փոխվել, նշանակում է հողում կամ քիչ է խոնավությունը, կամ ընդհանրապես բացակայում է, և այդ պարագայում պետք է անհապաղ ջրել այն։

Այս մեթոդը հեշտ ու արդյունավետ եղանակ է և թույլ է տալիս միաժամանակ աշխատել մի քանի ծառերի հետ։ Պարզապես հիշեք, որ սխալ արդյունք գրանցելուց և խաչաձև ախտոտումից խուսափելու համար բազմակի օգտագործումից առաջ փայտիկները պետք է լավ լվանալ և չորացնել։    

8․ Ստացեք սեփական հողախառնուրդը

Քանի որ Հայաստանում բոնսայի պատրաստի հողախառնուրդներ և բոնսայի ավանդական հողառնուրդի բաղադրիչների մի մասն առկա չէ, ապա բնական անհրաժեշտություն է առաջանալու սեփական արդյունավետ հողախառնուրդ ստանալու։ Սրա ամենամեծ առավելությունն այն է, որ հողախառնուրդի որակները կարելի է հարմարեցնել սեփական պահանջներին ու նպատակներին։ Դա այնքան բարդ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից, միայն պետք է բազային գիտելիքներ ունենքլ հողի խոնավության պահպանման, ջրահեռացման և օդափոխության սկզբունքների մասին։

Իհարկե, սկզբնական շրջանում հնարավոր են որոշակի սխալներ կամ անհամապատասխանություններ, բայց երբ որ ավելի շատ տվյալներ գոյանան, շատ ավելի հեշտությամբ կարելի է կռահել, թե հողի որ տեսակն օգտակար կլինի հատկապես տվյալ ծառի համար, որը՝ ոչ։

9․ Աճեցրեք սեփական մամուռը

Մամուռն այն փոքրիկ հրաշքներից է, որ այդքան գեղեցկություն են հաղորդում բոնսայի ձեր փոքրիկ աշխարհին։ Այն ոչ միայն հիասքանչ տեսք ունի ու բնականորեն խոսում է տերևների կանաչ գույնի հետ, այլ նաև որպես ֆիլտր է ծառայում հողի վերին շերտի համար։ Այն ֆիզիկական արգելք է հանդիսանում հողի հոսքի ու լվացման համար, և արգելակում է օտար մարմինների՝ հողի հետ խառնվելու գործընթացը։

Սեփական մամուռն աճեցնելու առաջին քայլը վայրի բնություն դուրս գալն ու մոտակայքում անտառներ, գետեր կամ լճեր փնտրելն է։ Ընտրում եք ձեզ համապատասխան տեսակներ ու գույներ, նմուշառում եք անում, այնուհետև փորձում այն աճեցնել ձեր ծառի շուրջը։  Պարզապես համոզվեք, որ չեք ծածկել ծառի բունը, դա կարող է վնաս հասցնել բնի կեղևին։

10․ Բոնսայի գրագետ ձմեռումը

Ձմեռը շատ կարևոր դեր է խաղում բոնսայ ծառի բնական շրջափուլերի համար, քանի որ որոշ ծառեր առնվազն 6-շաբաթյա ձմեռային քնի կարիք ունեն։ Քնի ընթացքում նրանք արդյունավետորեն վերականգնվում ու վերածնվում են՝ վեգետացիոն նոր փուլին պատրաստ։ Ծառի ձմեռման վայրի ընտրությունը էական նշանակություն ունի և այս խնդիրին պետք է ամենայն լրջությամբ մոտենալ։ Ծառերի շատ տեսակներ հանգիստ կարող են ձմեռել դրսում, եթե իհարկե, նրանց արմատները ցրտահարվելուց ապահով աշտպանված են։ Ցրտահարումից խուսափելու համար պետք է կա՛մ թաղարը փաթաթել սրբիչով, կա՛մ պարզապես բույսը ներս բերել։ Լույսի հասանելությունն ապահովելն այս ընթացքում այնքան էլ կարևոր չէ, քանի որ քնած բույսն ակտիվ ֆոտոսինթեզ չի կատարում։

Բույսի թեթև էտումն ու մոլախոտերի հեռացումը նույնպես պետք է ժամանակին իրականացնել, կարող եք օգտագործել նաև Կրաքարածծմբային լուծույթ՝ ձմեռային խոցելի շչջանում հիվանդությունների զարգացումը կանխարգելելու և վնասատուների տարածումը կանխելու նպատակով։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *