Լսելով ծառերի ձայնը․ Կավաբե Տակեո

Վարպետ Կավաբե Տակեոն, որն ապրում է Օմիա քաղաքում, կոտրում է բոնսայ արվեստի մասին ընդունված պատկերացումները՝ անընդհատ ստեղծելով նորարարական ստեղծագործություններ և չսահմանափակելով իրեն ձևերի ընտրության մեջ։ Նրա աշխատանքները հատկապես գնահատվում են արևմուտքում, և որոշ երկրպագուներ անգամ Ճապոնիա են հասնում միայն մեկ նպատակով՝ տեսնել վարպետի գործերը։

Բոնսայի անսովոր տեսակներ

«Յուրաքանչյուր ծառ, ինչպես և ցանկացած մարդ, անհատականություն ունի։ Երբ ծառ է ծնվում, նրա հետ ծնվում է նաև իր աներևակայելի կենսական ուժը։ Ծառերը տարբերություններ են ձեռք բերում՝ կախված պայմաններից, որոնցում հայտնվել են, և յուրաքանչյուրն ունի իր պատմությունն ու կյանքի դրաման։ Դրա շնորհիվ բոնսայի տարբեր ծառեր այդքան տարբեր ուղերձներ են հղում մարդկությանը»,- ասում է Կավաբե Տակեոն։

Օրինակ բոնսայի աշխարհում գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին է իմիեդան՝ «վնասակար ճյուղը»։ Համարվում է, որ ճյուղերը, որոնք առաջ են ցցված՝ ասես սպառնալով դիտողին, կամ որոնք հատվում են բնի հետ, աղավաղում են ծառի արտաքին տեսքը։ Մինչդեռ Կավաբեն չի ամաչում «Նիպպոն» ազգային ցուցահանդեսում, որտեղ մասնակից վարպետների միջև դաժանագույն մրցակցության մթնոլորտ է տիրում, ներկայացնել նմանատիպ ճյուղերով ծառեր։

«Երբ փորձում ես ծառին տալ բոնսայի մասին պատկերացումներին համապատասխանող ձև, հակազդեցություն ես զգում։ Եթե կանգնում ես անողոք բնական պայմաններում աճող ծառերի դիմաց, գլխիցդ անմիջապես դուրս են թռչում բոնսայի մասին ընդունված բոլոր պատկերացումները։ Անկեղծ ասած՝ բնությունը իմիեդայի գանձարան է։ Եվ ես համոզված եմ, որ մենք պետք է ընդունենք այդ ձևերն այնպիսին, ինչպիսին դրանք կան։ Ամեն դեպքում բնության մեջ աճող ծառերն աչքի են ընկնում բազմազանությամբ, անհատականությամբ և ձևերի հարստությամբ»,- բացատրում է վարպետը։

Հյուսիսային գիհի (կիտասիմպակու)
Վարպետի աշխատանքները բարձր են գնահատվում արևմուտքում

Բոնսայ արվեստի արևմտյան երկրպագուները չէին կարող անտարբեր անցնել վարպետ Կավաբե Տակեոյի համարձակ և անսովոր աշխատանքների կողքից։ Բոնսային նվիրված ճապոնական ամսագրերում բացահայտելով նրա արվեստը՝ երկրպագուներն այլևս չկարողացան կշտանալ դրանից։
Բոնսայով զբաղվող իսպանական խոշորագույն կազմակերպություններից մեկը 2002թ. առաջին անգամ նրան գլխավոր հյուրի կարգավիճակով հրավիրեց իր միջոցառումներից մեկին, և այդ օրվանից սկսած նրան ավելի քան 60 անգամ հրավիրել են Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Մոնակո և Եվրոպայի ու Ամերիկայի մի շարք այլ երկրներ։ Արևմուտքում նրան սկսեցին կոչել «Բոնսայի մաեստրո»։
2012թ. Ճապոնիայի ազգային զբոսաշրջային ասոցիացիան արտերկրում տարածելու նպատակով մի բրոշյուր հրատարակեց, որում ներկայացված էին Ճապոնիայի տարբեր շրջաններում գոյություն ունեցող բոնսայի այգիները։ Այդ նպատակով արևմտյան երկրներում անցկացված ուսումնասիրությունները վկայեցին Կավաբեի արտակարգ հայտնիությունը, և բրոշյուրի առաջին էջը հենց նրա նկարը զարդարեց։
«Ճապոնիայում այսօր այնքան էլ ակտիվորեն չեն զբաղվում բոնսայով։ Ինչպես նախկինում արդեն տեղի է ունեցել Ուտամարոյի՝ «ուկիյո-է» ոճի փորագրությունների դեպքում, երբեմն պատահում է, որ երբ ինչ-որ բան սկսում են գնահատել արևմուտքում, ճապոնացիները նույնպես սկսում են դա գնահատել։ Այսօր արտերկրում բոնսայի նկատմամբ հետաքրքրության բում է նկատվում, որը կոչվում է «բոնսայ-արտ»՝ «բոնսայ արվեստ»։ Ուզում եմ այնպես անել, որ բոնսայը, ինչպես «ուկիյո-է» փորագրությունները, արևմուտքում գնահատվելուց հետո կրկին սկսեն գնահատել Ճապոնիայիում»,- Կավաբեն այսպես էր ասում տարիներ առաջ և այսօր նրա այդ երազանքներն իրականանալու ուղին են բռնել։
Ներկայումս Կավաբեի մոտ հաճախ են Եվրոպայից ու Ամերիկայից բոնսայի մասնագետներ գալիս։ Օսկար Ռոնկարին՝ բոնսայի՝ արևմուտքում ամենահայտնի ակումբներից մեկից՝ շվեցարական ակումբից, պատմեց մեզ այն պատճառների մասին, որոնք բերել են իրեն Կավաբեի մոտ։


«Ուսուցիչ Կավաբեի աշխատանքներում զգացվում է ծառերի նկատմամբ խորին հարգանք և մեծ սեր։ Ցավոք սրտի այսօր բոնսայի արվեստը մեծ մասամբ ենթարկվում է կոմերցիայի օրենքներին, ձևական է դարձել և ծառերի նկատմամբ հարգանքին այլևս ուշադրություն չի դարձվում։ Մինչև ծառին ինչ-որ բան պարտադրելը մենք ինքներս էլ, ինչպես ուսուցիչ Կավաբեն, պարտավոր ենք ականջալուր լինել այն պատմությանը, որ ծառն ուզում է մեզ պատմել»։
Օսկարի բառերը հավանաբար արդարացի են ոչ միայն Կավաբեի ստեղծագործությունների վերաբերյալ, նրանք շատ լավ են արտահայտում ցանկացած մշակաբույսի բնույթը։ Ցանկացած արհեստավոր խորին հարգանք և մեծ սեր է զգում այն նյութի նկատմամբ, որի հետ աշխատում է։

Կավաբե Տակեոյի վարպետության դասը

Լսել ծառի ձայնը

Բոնսայի մկրատ պատրաստված վարպետի պատվերով։

Կավաբե Տակեոն պատմում է այն դեպքի մասին, որից հետո նրա վերաբերմունքը բոնսայի նկատմամբ ամբողջապես փոխվեց։ Մինչ այդ նա ինժեների մասնագիտություն էր ստացել և որպես տնօրեն աշխատում էր մեքենաշինական գործարաններից մեկում, սակայն երեսուն տարեկանում, ուշադրություն չդարձնելով իր շրջապատի դիմադրությանը, ինքնամոռաց կերպով նվիրվեց բոնսային։ Դեպքը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ նա արդեն 37 տարեկան էր և դեռ շարունակում էր սովորել։
«Այդ օրը ես սովորականի նման լռության մեջ միայնակ աշխատում էի մի ծառի հետ, որը գտնվում էր բոնսայ այգու ամենախորքի արվեստանոցում։ Արվեստանոցը բոնսայի իսկական լաբորատորիա է, շուրջբոլորը ծառեր են, որոնց հետ մենք աշխատում ենք։ Ծառերը, որոնք լուրջ վերաձևման էին ենթարկվել, դեռ շատ թույլ էին և հատուկ հոգատարության ու խնամքի կարիք ունեին։ Հանկարծ ինչ-որ ուժ անսպասելիորեն ասես ճզմեց գլուխս, իսկ հետո գլխումս սկսեցին հնչել եղբայրական բոնսայ-ծառերի ձայները։ «Մենք կենդանի ենք»,- միահամուռ գոռում էին նրանք։ Ես իրոք լսում էի ծառերի ճիչերը»։
«Այդ օրվանից ի վեր ես բոլորովին այլ կերպ եմ վերաբերվում բոնսայի ստեղծման պրոցեսին։ Առաջին տեղում ինձ համար ոչ թե մարդկանց էսթետիկ զգացումներն են, այլ ծառի առողջությունն ու կյանքը։ Ծառի առողջական վիճակը շատ լրջորեն ուսումնասիրելու նպատակը հասկանալն է, թե ինչ է անհրաժեշտ այդ պահին ծառին, թե ինչ է պետք նրա համար անել հենց այս փուլում և ինչ տվյալ փուլում նրա հետ անել չի կարելի։ Եվ երբ ես սկսեցի աշխատել այդ կերպ, բոնսայի ստեղծման գաղափարները գլխիս թափվեցին ինչպես առատության եղջյուրից։ Գուցե այս ամենը կարող է անիրական թվալ, բայց ամեն ինչ հենց այդպես էլ եղել է. երբ անկեղծորեն դիմում ես ծառին, նա քեզ պատմում է, թե ինչ ձև է ուզում ընդունել»։
Հիշելով արտասահմանում՝ Իսպանիայում անցկացրած իր առաջին դասախոսությունները՝ վարպետը ծիծաղում է։ «Ամենասկզբում ես պատմեցի իմ սխալների մասին։ Ես չէի ուզի, որ աշակերտներս խլեին ծառերի կյանքը, և դրա համար ցույց տվեցի նրանց այն, ինչի համար ամաչում էի։ Նրանք, կարծես թե շատ լավ ըմբռնեցին իմ վերաբերմունքը, և դրանից հետո սկսեցին ինձ հաճախ հրավիրել տարբեր արևմտյան երկրներ»։

Կագա կենիների վերածնունդը

Կավաբեի լավագույն ստեղծագործություններից մեկը Կագա կենիներն են, որ պատրաստվում են Կագայի իշխանության տարածքում աճող կենու ծառերից։ Կագա կենիների ցուցահանդեսում, որն անցկացվում էր 2015-ի հոկտեմբերին Կանադավա քաղաքի Կենրոկուեն այգում, ներկայացված էր Կավաբե Տակեոյի 12 աշխատանք։

Կագա կենին վարպետի տան մոտ։ 

Կագայի առաջին կենիներն ավելի քան 350 տարի առաջ տնկել է Կագա իշխանատոհմի երրորդ դայմյո Մաեդա Տոսիցունեն իկեբանաներում օգտագործելու նպատակով։ Վերջին շրջանում այդ տնկիները անուշադրության էին մատնվել, մոլախոտն ու լիանաները փաթաթվում ու կոտրում էին կենիները և տնկիները գրեթե հայտնվել էին կործանման եզրին։ Կանադավայի հետ որևէ կապ ունեցող մարդիկ փորձեցին փրկել ծառերը, որոնք բոնսայի հրաշալի տնկանյութ են։ Բոնսայի շատ այգիներում այդ փորձերն անհաջողության մատնվեցին, մինչև որ փրկության առաքելությունը ստանձնեց Կավաբե Տակեոն։

«Կարծում եմ, ամենայն հավանականությամբ անհաջողությունն առաջին հերթին կապված էր նրա հետ, որ մարդիկ ինչպես հարկն է չփորձեցին հասկանալ, թե ինչ պայմաններում էին աճում այդ ծառերը։ Սովորաբար կենիներն աճում են թույլ թթվային բնահողում, բայց այնտեղ, որտեղ աճում էին Կագայի կենիները, ինչ-որ ժամանակ ծովը բարձրացել ու հողի մեջ թողել էր խխունջներ՝ կալցիումով հարուստ ծակոտկենային օրգանիզմներ։ Խխունջներն ապրել էին այդ հողում ավելի քան 350 տարի, կարողացել էին հիմնականում հարմարվել այդ հողին ու գոյատևել։ Հավանաբար հենց դա էր պատճառը, որ երբ նրանց վերատնկում էին ուղղակի թույլ թթվային հողում, նրանք պարզապես չորանում էին։ Երկու տարվա ընթացքում ես երկու անգամ կենիները վերատնկեցի թաղարների մեջ։ Այդ անգա ևս ես լսում էի ծառերին և հասկանում, թե ինչպես պետք է վարվեմ»։

Հյուսիսային գիհի (կիտասիմպակու), բարձրությունը՝ 95 ամ, տարիքը՝ 1000 տարեկան (ձախից); Կագա կենի, բարձրությունը՝ 100 սմ (աջից)

Արհեստագործական մշակույթի բնույթը

Պատմում են, որ ճապոնացի վարպետները իրենց աշխատանքում հիմնվում են ոչ միայն իրենց հինգ զգայարանների վրա, այլև օգտագործում են նաև վեցերորդ զգայարանը։ Օրինակ մի հայտնի քանդակագործ բուդդայի քանդակ ստեղծելիս պնդում էր, որ «օգնում է բուդդաներին հայտնվել ծառի միջից»։ Եթե արևմուտքում արվեստ արարելիս նյութին տալիս են այն ձևը, որը պատկերացնում է արվեստագետը, ապա այս ճապոնացի քանդակագործը օգնում էր բուդդային հայտնվել ծառից, որի մեջ բանտարկված էր։

Այգեգործության ճապոնացի վարպետների աստվածաշունչը՝ «Այգեշինության տրակտատ» (Սակուտեյկի) գիրքը , որ ստեղծվել էր Հեյանի դարաշրջանում (790-1192թթ), սովորեցնում է «ենթարկվել քարերի կամքին», այսինքն այգի կառուցողը չպետք է դրանք տեղակայի այնպես, ինչպես խելքին կփչի, անհրաժեշտ է քարերից տեղեկանալ, թե որտեղ կուզենային իրենք դրվել, և հետևել նրանց ցանկություններին։

Կավաբե Տակեոն իր բոնսայները ստեղծում է հենց այդ սկզբունքով։ Իր ամբողջ էությամբ դիմելով ծառերին, նա ականջալուր է լինում ծառերի ձայներին և օգնում նրանց ընդունել այն ձևը, որը կուզեին ընդունել։ «Մտքերն այն մասին, որ եթե ա՛յ այսպես անել, ապա ծառը գեղեցիկ տեսք կունենա, և այլն՝ զուտ մարդկային ցանկություններ և ոչ առաջին, ոչ էլ անգամ երկրորդ տեղում չեն։ Գլխավորը հասարակ ծառի կյանքն է։ Ոչինչ չի կարող համեմատվել կյանքի լույսի հետ»։

Վարպետն իր տանը։

Արհեստագործական այս մշակույթի էությունը հենց նրանում է, որ բացահայտես նյութի մեջ պարփակված կյանքը։ Գեղեցկությունն այն չէ, ինչ մարդն է ստեղծում, գեղեցկությունը հենց կենսակնությունն է»։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *